Աուդիոձայնագրություններ եւ սքրինշոթեր, որ մերկացնում են Մ. Մինասյանի սուտը

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը իր հերթական խոհանոցային տեսանյութում անդրադարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթին: Եթե կարճ ձեւակերպենք նրա ասածը, իմաստը հետեւյալն է. ինքը փող է տվել մեր թերթին, որպեսզի իր ընտանիքի մասին վիրավորական հրապարակումներ չլինեն:

Էստեղ, ինչպես ասում են, Մինասյանը աղտոտել է իր եփած բորշչը եւ հանգամանքների բերումով մենք հիմա կապացուցենք այդ մարդու էությունը եւ բոլորդ կտեսնեք, որ շանտաժը նրա եւ նրա ընտանիքի հիմնական գործելակերպն է:

Ընդգծենք, այն ինչ կկարդաք ստորեւ, հիմնավորված է աուդիոձայնագրություններով, սքրինշոթերով: Նաեւ ուզում ենք ասել, որ այսպես ստացվել է ոչ թե այն պատճառով, որ մենք ինչ-որ մեկին թաքուն եւ նենգաբար ձայնագրել ենք, այլ պարզապես աուդիոհաղորդագրությունները եւ տեքստային հաղորդագրությունները դարձել են այս խոսակցության հիմնական գործիքը եւ Մինասյանի երեկվա զառանցանքից հետո հաճելի զարմանքով արձանագրեցինք, որ այդ ամենը դեռ պահպանվել են սոցիալական ցանցի արխիվում: Նկատի ունենք, այս պատմության մեջ ոչ ոքի նկատմամբ ոչ մի անազնվություն թույլ չենք տվել, ինչը շատ կարեւոր է:

Ասենք նաեւ, որ առնվազն այս փուլում կօգտագործենք պայմանական անուններ, իսկ խոսակցության բովանդակությունը կփոխանցենք ճշգրիտ՝ բայց որոշակիորեն խմբագրված, ավելի ճիշտ մաքրագրելով այն տնայնախոսույթունից, երբեմն՝ հայհոյախոսությունից: Ի վերջո, այն ժամանակ մարդիկ չեն ակնկալել, որ սա երբեւէ հրապարակվելու է եւ ուրեմն հաղորդակցությունը մաքուր գրական հայերենով չի եղել:

Եւ ուրեմն, մի քանի տարի առաջ «Հայկական ժամանակի» կայքում՝ armtimes.com-ում տպագրվում է մի նյութ մի դատական պրոցեսի մասին, որի վերնագիր է դառնում դատավարության մասնակիցներից մեկի կողմից արած հայտարարությունը, որի մեջ օգտագործվում է Սաշիկ եւ Միշիկ ձեւերը:

Մի անձով Հայաստանում հայտնի է որպես Միքայել Մինասյանի անձնական ներկայացուցիչ (անվանենք նրան՝ Այսինչեւ այսօր էլ հանդես է գալիս այդ դերումՄիջնորդի միջոցով (անվանենք նրան՝ Միջնորդկապվում է «Հայկական ժամանակի» ղեկավար ներկայացուցիչներից մեկի հետթողնելով հետեւյալ հաղորդագրությունը. «Այսինչն էր զանգել. «ՀԺ»-ում նյութ կա, որ վերնագրի մեջ գրված է Միշիկ: Ասում է՝ մենք ժամանակին պայմանավորվածություն ունենք, թե համագործակցություն (նկատի ունի՝ «ՀԺ»-ի հետ), որ այդ ձեւով չգրվի, խնդրում է, որ փոխեն: Ավելի շատ՝ Սաշիկի մասով չէ, Միշիկի մասով: Կարճ ասած՝ խնդրանքն էն էր, որ վերնագիրը փոխվի: Ասացի կփոխանցեմ»:

«ՀԺ»-ի ներկայացուցիչը այս ուղերձին պատասխանել է հետեւյալ կերպ. «Ի՞նչ պայմանավորվածություն: Խնդրանքը հասկացա, բայց ի՞նչ պայմանավորվածություն: Չի լինի, առավելեւս, եթե զուգահեռ խառնակիչ ձեւակերպումներ են օգտագործվում: Էդ ու՞մ հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն եւ ո՞վ է պայմանավորվել: Քանի որ քո միջոցով է ասել, թող քեզ էլ պատասխանի կոնկրետ, էդ ի՞նչ պայմանավորվածություն է»:

Որոշ ժամանակ անց Միջնորդը պատասխանում է. «Գուցե ե՞ս եմ սխալ փոխանցել միտքը: Այսինչը չէր ասում՝ նախկինում պայմանավորվել ենք Միշիկի անունը չտալ: Ասում էր՝ մամուլում Միշիկը Միշիկ չեն գրում, Միքայել Մինասյան են գրում, կամ էլ Սաշիկի անունի հետ խի՞ կապվի: Էս կոնտեքստում էր ասածը, խնդրում եմ ասա փոխեն: Զուտ խնդրանքի կոնտեքստ է: Կարող եմ զանգել հարցնել, «ՀԺ»-ից ասում են՝ ի՞նչ պայմանավորվածություն: Բայց կարող է ես եմ սխալ վերարտադրել: Ոնց որ միշտ նախկինում եղել է. ոնց որ մի էդպիսի միտք ասաց: Կարող եմ զանգել ասել՝ նախկինում ո՞նց է եղել»:

Որոշ ժամանակ անց Միջնորդը նորից հաղորդագրություն է թողնում. «Նորից զանգեց Այսինչը: Ասում է՝ մենք ընդհանուր հասկացվածություն ենք ունեցել, տրադիցիոն, որ դուք էլ եք մեդիա, մենք էլ ունենք մեդիաներ՝ իրար չվիրավորենք մեր մեդիաներով: Էդ նկատի ունենք: Ու ասում է, ոչ մի պայմանավորվածության մասին խոսք չկա: Զուտ էս հասկացվածության պահն է էլի: Որ մեդիաներով դուք մեզ չեք կպնում, մենք ձեզ չենք կպնում: Սա խնդրանք է, խնդրում եմ ես: Ասում է՝ մենք 10 հատ մեդիա ունենք, դուք մի հատ մեդիա ունեք՝ իրար չվիրավորենք, իրար չխփենք»:

Սրան ի պատասխան «ՀԺ»-ի ներկայացուցիչը գրել է. «Չի մեռնի Միշիկը: Թող վիրավորեն իրենց տասը մեդիաներով: Էդ ի՞նչ բառապաշար է. պայմանավորվածությունը դարձավ ըմբռնում, ըմբռնումը եսիմ ինչ: Իմ պատասխանը բացասական է. ի նշան նրա, որ իրենց հետ ոչ պայմանավորվածություն, ոչ ըմբռնում, ոչ էլ ուրիշ բան չունեմ: Ասա՝ ես ասում եմ՝ չի լինի»:

Սրան ի պատասխան Միջնորդը նորից հաղորդագրություն է գրել. «Այսինչը ասում է, մենք էդպես չէինք ասում, էդ նկատի չունեինք, որ պայմանավորվածություն է եղել: Ասում է, ոնց որ էդպիսի լուռ համաձայնություն կա, որ մենք ձեզ չենք հայհոյում, դուք մեզ չեք հայհոյում»:

«ՀԺ»-ի ներկայացուցիչը գրել է. «Ես իրենց հայհոյում եմ: Արհամարհել է պետք դրանց: Ինչ էլ նկատի ունեցած լինեն, մենք դրա հետ խնդիր ունենք: Թող որեւէ բան նկատի չունենան: Հո կրակը չե՞նք ընկել, որ բարեւ ենք տվել»:

Վերջին միտքը պարզաբանելով ասենք, որ «ՀԺ»-ի ներկայացուցիչը ծանոթ է եղել Մ. Մինասյանի ներկայացուցչի հետ, իսկ «ՀԺ»-ի լրագրողները նրանից հարցազրույցներ են վերցրել մի քանի անգամ:

Ի դեպ, փորփրելով «ՀԺ»-ի արխիվը, արձանագրեցինք, որ տարիներ առաջ մի նյութում շատ կոպիտ բառ է օգտագործված եղել Մ. Մինասյանի ընտանիքի՝ իգական սեռի մի ներկայացուցչի հասցեին: Մ. Մինասյանի ներկայացուցիչը դիմել է «ՀԺ» խմբագրություն եւ խմբագրությունը կոռեկտությունից եւ իրավական պատճառով այդ բառը ջնջել է, հաշվի առնելով, որ դա կապված է եղել կնոջ եւ երեխայի հետ եւ կարող էր իրավական խնդիր առաջացնել կայքի համար: Այս դեպքը, փաստորեն, դիտարկվել է որպես «պայմանավորվածություն»:

Ի դեպ, «ՀԺ»-ի հիմնական քաղաքականությունը երկար տարիներ եղել է այն, որ մարդկանց մականունները պետք է օգտագործել չափազանց ժլատ եւ հազվադեպ, միայն ըստ պատեհության:

Իսկ իր վիդեոուղերձում Մ. Մինասյանն ասում է, որ ֆինանսավորել է «ՀԺ»-ն, որ իր ընտանիքին չվիրավորեն: Փաստորեն վերը նշված պարզաբանումներից հետո կարող ե՞նք արձանագրել, որ տասնյակ տարիներով իր կոռումպացված ընտանիքի գործերին չանդրադառնալը հայկական մամուլում՝ գին է ունեցել:

Կամ այսօրվա մամուլը երկրի ղեկավարի ընտանիքի հասցեին ինչ ասես գրում է թերեւս ա՞յդ պատճառով, որ այսօրվա ղեկավարի ընտանիքը նրանց փրկագինը չի՞ վճարում: Իսկ Մ. Մինասյանի ընտանիքին չհայհոյողները՝ շարունակում են ստանալ այն, ինչ ստանում էին նախկինում:

(Visited 26 times, 1 visits today)