Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան 90 ամյակն է

Հանճարեղ դերասանը ծնվել է Գյումրիում՝ 1930թ.։ Այնտեղ սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46թթ. սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո՝ 1947 թվականին, ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր` ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։

1953թ. նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։ 1959թ. ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծել է հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն են տվել դասվելու կինոյի ու արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսենի («Նվագախմբի տղաները»), Գասպարի («Եռանկյունի»), Իշխանի («Մենք ենք մեր սարերը»), Հայրիկի («Հայրիկ»), Ամիրոյի («Նահապետ»), Գրիգոր աղայի («Կտոր մը երկինք») դերերում։

Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։ Սակայն անսպասելի ու դաժան հիվանդությունն արտիստին 1993 թվականին խլեց մեզանից:

(Visited 72 times, 1 visits today)