Այսօր լեգենդար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է,նա կդառնար 62 տարեկան:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թ.-ին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վայսելիա քաղաքում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970 թթ ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան`   իր պապերի ծննդավայրը: 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում էր անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։
1991 թ.-ին նա գալիս է Հայաստան, որտեղ սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախ, որտեղ նրան անվանակոչում են Ավո։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թ.-ին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում իր անկեղծությամբ ու մաքրությամբ նա շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձել էր Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ Մոնթե Մելքոնյանը մասնակցել է Իջևանի, Ճամբարակի, Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունու շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ղեկավարել է Մարտունու (գրաված գյուղեր), Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները:
Մոնթեն զոհվել է 1993 թ.-ի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։
ԼՂՀ Պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Հայրենիքի համար» (ՀՀ), ԼՂՀ  «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների ասպետ, հրապարակախոս, հնագետ, փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանի ամենավսեմ պարգևը պատմական հայրենիքի մի բեկորի՝ Արցախի ազատագրումն էր:
Մոնթեի հիշատակին գրվել և կատարվել են բազմաթիվ երգեր, նկարահանվել վավերագրական ֆիլմեր, այդ թվում՝ «Գաղափարի զինվորը», «Սա մեր վերջին պայքարը չէ», «00-ն կապի մեջ է» և այլն: Նրա անունով է կոչվում ՀՀ ԶՈՒ ռազմական ուսումնարաններից մեկը, փողոցներ ու ուսումնական այլ հաստատություններ կան Հայաստանում և Արցախում, իսկ Մարտունի քաղաքում վեր է խոյանում լեգենդար հրամանատարի արձանը, որտեղ ամեն տարի նորակոչիկները երդում են տալիս Մոնթեի գործը շարունակելու վճռականությամբ:
(Visited 32 times, 1 visits today)