Ամուսնուն հիվանդանոց են տարել սրտի հետ կապված գանգատով, սակայն երբ տուն են տեղափոխել, նա վարակված է եղել կորոնավիրուսով

Կորոնավիրուսի հետևանքով մահացած Կարապետ Չիրաքյանի կինը՝ Վարսիկ Բարսեղյանը, բողոքում է` ամուսնուն հիվանդանոց են տարել սրտի հետ կապված գանգատով, սակայն երբ տուն են տեղափոխել, նա վարակված է եղել կորոնավիրուսով:

Մայիսի 16-ի գիշերն ամուսնուն տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց: Որպես հրատապ դեպք, ստենտավորումը կատարվել է պետպատվերի շրջանակում: Սակայն երկու օր հետո կրկին ստենտավորման կարիք է առաջացել, որի համար հարազատները վճարել են: Հինգ օր հիվանդանոցում մնալուց հետո Կարապետ Չիրաքյանի վիճակը գնահատվել է բավարար, հիվանդանոցից դուրս են գրել, բայց  երկու ժամ հետո վիճակը ծանրացել է:

«Բերեցինք տուն վատացավ շնչահեղձ էր լինում: Առավոտյան հասցրել ենք Էրեբունի հիվանդանոց: Բժշկուհին թոքերը լսում է, ասում եմ՝ շատ վատ է, շնչահեղձ է լինում, ասում է` թոքերում ոչինչ չեմ լսում, 40 հազար դրամ մուծեք КТ (համակարգչային տոմոգրաֆիա – խմբ.) անեն: Մուծումը արել ենք, պատասխանը եկել է` երկկողմանի թոքաբորբ, վատացած վիճակ: Բժշկուհին մեզ ասում է՝ պետք է շտապ տեղափոխել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Ասում ենք՝ շտապօգնություն կանչեք, որ տանեն, բժշկուհին ասում է, եթե այստեղից հիվանդին տեղափոխեք վճարովի կլինի` տարեք տուն, որպեսզի անվճար ձևակերպվի, հիվանդին բերել են տուն հետո տարել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց»:

Ամուսնուս սրտի գանգատով ...

Վարսիկ Բարսեղյանը նշում է, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ջերմաչափվելուց հետո պարզվել է, որ հիվանդի ջերմությունը 39.5 աստիճան է: Հիվանդին թեստավորել են` պատասխանը դրական է եղել: Մեկ օր անց հիվանդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Վարակի պատճառով հարազատները հիվանդի հետ կապ են հաստատել միայն հեռախոսի միջոցով:

«Տեղափոխել են հիվանդանոց, այնտեղ ինքը անուշադրության է մատնված եղել: Ցնցվում էր, դողում էր, հեռախոսով զանգեցինք, ասեցինք, որ վատ է հիվանդը բուժքույր ուղարկեք: Ես զանգում, ասում եմ՝ հեռախոսդ չանջատես, մենք չենք կարող ներկա լինել, մի հեռախոսը միացրած ենք պահել, մյուսով ասել են` եկեք, հասեք, օգնեք: Երկու օր հետո բուժքույրը ինսուլին է սրսկում: Կես ժամ հետո զանգում եմ, չի կարողանում խոսալ, ասում եմ` կանչի բժիշկներին: Բուժքույրը չիմանալով, որ ես հեռախոսով լսում եմ, ասում է շաքարաջուր կբերեմ, երբ այստեղից գոռում եմ, որ իր ինսուլինը հանված է, բուժքույրը հասկանալով, որ ես լսում եմ, ասում է` լավ հիմա ջերմությունը կստուգեմ, ջերմությունդ շատ է բարձրացել»,- պատմեց նա:

Վարսիկ Բարսեղյանի խոսքով` հիվանդի հետ պարբերաբար զրույցներից հասկացել են, որ վիճակը ծանր է, ասում են՝ լավ չէր սնվում.

«Ես բողոքում եմ «Էրեբունի» բժշկական հիվանդանոցի դեմ, որ տվել եմ սրտով հիվանդ, բայց  ինձ կորոնավիրուսով վարակված հիվանդ են ճանապարհել տուն: Ինձ չեն ասել, որ վարակ կա տարածված, չեն ասել տունը տեսակցություն չլինի, իմ բարեկամները եկել տեսել են: Էրեբունի հիվանդանոցի ամբողջ բուժմիավորումը վարակված է: Առողջապահության նախարար, դիմակ ու ձեռնոց ես ասում, ի՞նչ դիմակ ու ձեռնոց, երբ ամբողջ բուժհիմնարկը վարակված է վիրուսով»:

Մահացած Կարապետ Չիրաքյանի դստեր ամուսինը` Գևորգ Ավետիսյանը, նշում է, որ նույնիսկ դիահերձարանում չէին պահում անվտանգության կանոնները։

«Գնում եմ Աբովյանի` Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն, իմ մահացածին տուն բերեմ, դիահերձարանից ինձ ասում են, որ մտնեմ մահացածին դագաղի մեջ դրած հանեմ դուրս: Տվյալ պահին 50 հոգի կորոնավիրուսով մահացած: Ինձ չեն ասել, որ չես կարող մտնես, տվյալ պահին մահացածին տանես: Երեք հոգով մտել ենք ու հանել ենք: Դռան վրա գրած է` մուտքը արգելվում է, այդ դեպքում ինչի՞ են պարտադրում մահացածին հանել այնտեղից; Ես ունեմ երեխա և հղի կին, ինչո՞վ վստահ լինեմ, որ իրենց արդեն չեմ վարակել»,- ասաց նա:

Մահացածի հարազատները նշում են՝ պայքարելու են մինչև հասնեն արդարության ու մեղավորները պատժվեն:

(Visited 108 times, 1 visits today)