Ալիևը տապալվեց, վարչապետը արժանապատիվ ներկայացավ․ Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Մյունխենի անվտանգության հանձնաժողովում փետրվարի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած քննարկումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության  բանակցային գործընթացի վրա ազդեցություն ունենալ չի կարող, բայց աշխարհին ծանոթացնելու համար  շատ կարևոր էր։  «Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

«Լավ հարթակ էր տեսակետ ներկայացնելու, վատ հարթակ էր տապալվելու առումով, կարծում եմ՝ Ալիևը տապալվեց»,- ասաց Լևոն Շիրինյանը։

Նիկոլ Փաշինյանի ելույթը քաղաքագետը դրական է համարում։

«Ոչ միայն գիտելիքով, այլև արժանապատիվ ներկայացավ, առանց գլուխ գովալու, դրա համար նա (նկատի ունի Իլհամ Ալիևին -հեղ․) դուրս մնաց այդ խաղից»,- նշեց Լևոն Շիրինյանը և հավելեց․

«Պիտի նկատի ունենալ, որ մարդը 2 տարի չկա, որ կառավարում է, և այս ծանրագույն վիճակով՝ սերժառոբերտական դավադրության, 5-րդ շարասյան, գողապետության կատաղի դիմադրության շրջանում, իրենց կադրերով։ Ես տեսնում եմ նոր Հայաստանի ծնունդ»,- նկատեց նա։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ վարչապետի կողմից անվտանգության մասին բարձրաձայնելը լավ քայլ էր։ Նշենք, որ Մյունխենի անվտանգության հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն ասել էր թե Ալիևը խոսում է տարածքների մասին և Ադրբեջանի տեսակետից, իր կարծիքով դրանք տարածքներ են, բայց Ղարաբաղի տեսակետից դա անվտանգություն է:

«Շատ լավ է, որ վարչապետը հարցը տեղափոխեց անվտանգության խնդրի քննարկման շրջանակ, որովհետև Մյունխենի անվտանգության հանձնաժողովը նվիրված էր համաշխարհային  անվտանգության  հարցերի քննարկմանը։ Այդ իմաստով սա իր նվաճումն է, ես հաճելիորեն զարմացա,  երբ  վարպետորեն խնդիրը տեղափոխեց այդ ոլորտ»,- նշեց քաղաքագետը։

Լևոն Շիրինյանը տպավորություն է ստացել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռանկարում Մադրիդյան սկզբունքների հիմքերը մերժելն է։

Քաղաքագետի համոզմամբ՝ Մյունխենի անվտանգության հանձնաժողովի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը պետք է հայերենով խոսեր, ոչ թե անգլերենով։

«Հայկական կողը տառապում է մի հիվանդությամբ՝  անպայման օտար լեզվով խոսել։ Դրա կարիքը չկա, հնագույն ազգը պարտավոր է գրական հայերենով խոսել»,- նկատեց Լևոն Շիրինյանը։

Քաղաքագետը հավելեց, որ Մյունխենի անվտանգության հանձնաժողովը հայկական կողմին պարտավորեցրեց  վերլուծական մակարդակը բարձրացնել, որովհետև նոր ուղերձներ եղան։

Մանրամասները՝ տեսանյութում։

(Visited 34 times, 1 visits today)