Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրի քաղաքացիներին թույլ է տվել կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների ուղղությամբ, սակայն չսպանել նրանց, քանի որ հակառակ դեպքում դատական գործընթացի արդյունքում նրանց ներում չի շնորհվի, գրում է Manila Bulletin-ը:
Դուտերտեն խորհուրդ է տվել կրակել կաշառակերների ոտքերին` հետագայում ազատազրկման չդատապարտվելու համար:
Նախագահի խոսքով` կոռուպցիան համատարած երևույթ է դարձել երկրում:
«Այն որդ է, որը բնակվում է յուրաքանչյուր պաշտոնյայի ուղեղում»,- հավելել է նա:
2016-ին ընտրված Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն միշտ աչքի է ընկել օրինախախտների դեմ պայքարի կոշտ մեթոդների կիրառման դիրքորոշմամբ: Միջազգային հանրությունը բազմիցս դատապարտել է թմրանյութերիի վաճառքի դեմ տարվող պայքարի` Ֆիլիպիններում կիրառվող մեթոդները: ՄԱԿ-ի մարդու իրավուքների հարցերով զբաղվող փորձագետները դատապարտել են ֆիլիպինյան իշխանությունների կողմից կիրառվող կոշտ մեթոդները` կոչ անելով խոչընդոտել սպանությունների համատարած դեպքերին և հրաժարվել լիարժեք դատական քննության չենթարկված կասկածյալների սպանության պրակտիկայից: