«Պետք է խիստ հսկողության տակ պահել վերակենդանացման բաժնում գտնվող սպային». Լ. Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը.

«Քոչարյանին սպասարկող 5-րդ ալիքի եթերից հնչեց, որ վաշտի հրամանատարը հրդեհից հետո փորձել է ինքնասպանություն գործել, նրան խանգարել են գյուղի բնակիչները, խլելով ատրճանակը։

Կարծում եմ, որ սա արժանահավատ չի, քանի որ շատ ծանր վիճակում է նա եղել։

Պետք է խիստ հսկողության տակ պահել վերակենդանացման բաժնում գտնվող սպային:
Սրանք ամեն ինչի ընդունակ են»։

Հիշեցնենք հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15, վիրավորում՝ ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3-ը՝ տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։