«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում հայտնաբերված շուրջ 12,5 կգ ընդհանուր քաշով ոսկին գտնվել է ՀՀ դատավորներից մեկի բնակարանից:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՀՀ դատավորը մահվանից առաջ տունը կտակել է դստերը, և նրա դուստրը երկար ժամանակ երկրում չի բնակվել: Ավելի ուշ դիմել է մաքրուհիների՝ խնդրելով՝ բնակարանը մաքրեն, որից հետո էլ բացահայտվել է այս դեպքը: Իսկ թե որտեղից դատավորին այդքան ոսկի, արդյոք մահացած դատավորինն է եղել, թե այլ անձի, որը հայտնվել է դատավորի տանը, այժմ պարզում են իրավապահները: Փաստ է մեկ բան. դատավորը մահացած է , իսկ նրա բնակարանից հայտնաբերվել են 12,5 կգ քաշով ոսկյա ձուլակտորներ: Նրա անունը չենք հրապարակում՝ մահացած մարդուն հանրային պարսավանքի չենթարկելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննչական, վարութային գործողությունների արդյունքում Երևան քաղաքի երկու բնակչուհիներ վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված՝ մի դեպքում՝ 6 կիլոգրամ 860 գրամ քաշով, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ 652 գրամ քաշով ամբողջական և մասնատված ենթադրաբար ոսկյա ձուլակտորներ»: