Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար։ Այս մասին ամենօրյա տեղեկագրում հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Նշվում է, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել:
Պարեկություն է իրականացվել երեք ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։