Արդեն մեկ շաբաթ է, ինչ բնապահպանական պատրվակով փակ է Լաչինի միջանցքը, և հայտնի չէ, թե երբ և ինչ ճանապարհով է վերացվելու Արցախին սպառնացող հումանիտար աղետը։ Միջանցքը փակած և վրանային շուրջօրյա ակցիա իրականացնող ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնական շրջանակները պնդում են, թե ռուսական խաղաղապահներն են միջանցքը փակել. մասնավորապես՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռ դեկտեմբերի 13-ին, չօգտագործելով «Լաչինի միջանցք» եզրույթը, պնդել էր, թե «Շուշա-Լաչին ճանապարհը փակվել է Ռուսաստանի խաղաղապահ առաքելության կողմից, որը ժամանակավորապես տեղակայվել է Ադրբեջանի տարածքում»: Ռուսական կողմն էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մակարդակով հայտարարեց, թե Լաչինի միջանցքում ի հայտ եկած իրավիճակի թուլացման համար ՌԴ ՊՆ-ն և խաղաղապահ զորակազմը այս օրերին ակտիվ աշխատանքներ են տանում, և Մոսկվան ակնկալում է «տրանսպորտային կապի լիարժեք վերականգնում ամենամոտ ժամանակներս»։
«Զախարովայի հայտարարությունից հետո անցել է չորս օր, սակայն միջանցքը շարունակում է փակ մնալ, և հստակ չէ, թե ռուսական կողմի նախանշած «մոտ ժամանակներս»-ը երբ է ավարտվելու, և երբ է վերջապես ապաշրջափակվելու միջանցքը։ Այս անորոշությունը և միջանցքի փակ մնալը բոլոր հիմքերը տալիս են ենթադրելու, որ արցախահայության դեմ իրականացվում են նպատակաուղղված գործողություններ, ինչի հետևանքով սպառնալիքի տակ է հայտնվել վերջիններիս կյանքն ու առողջությունը. սպառնալիքները կանխամտածված կերպով ստեղծում է Ադրբեջանը, ռուսական խաղաղապահ զորակազմն էլ ի վիճակի չէ կանխարգելելու, առավել ևս՝ չեզոքացնելու այդ սպառնալիքները։ Արդյունքում տուժում է նոյեմբերի 9-ի հայտարարության շահառուներից մեկը՝ ԼՂ-ն և, փաստորեն, իր վրա է կրում հայտարարության կողմերից երկուսի պարտավորությունների չկատարման հետևանքները, որոնք հանգեցնում են հումանիտար աղետի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վ. Պուտինը նշել էր, թե հանդիպումը կարևոր է, և «դրա նպատակը, ինչպես տեսնում եմ, 2020 և 2021 թվականներին ձեռք բերված մեր բոլոր պայմանավորվածությունների կատարումն ապահովելն է։ Դուք բազմիցս նշել եք, որ Ռուսաստանը զգալի, կարևոր դեր է խաղացել հակամարտության կարգավորման գործում, և այժմ մեր խաղաղապահ զորակազմը կատարում է իր առաքելությունը, ինչպես և պետք է անի, և այդ գնահատականների համար շնորհակալ եմ ձեզ»։ Իսկ թե ինչպե՞ս է խաղաղապահ առաքելությունը կատարում իր լիազորությունները, ինչ իրավական կանոնակարգով, ինչ ծավալով և որակով՝ Պուտինը չէր հստակեցրել՝ բավարարվելով ի լուր աշխարհի ֆիքսելով, որ Արցախը տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության հերթական օջախներից մեկն է:
Հարկ է նշել, որ Սոչիի հայտարարության մեջ հատուկ շեշտված է ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելությունը. «Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը։
Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա…»։
Արդ, ի՞նչ ունենք գետնի վրա։ Բաքուն առաջին հայացքից հավատարիմ է մնացել Սոչիի հայտարարության «ոգուն և տառին»՝ զերծ մնալով Արցախում ռազմական ուժի կիրառումից և դրա կիրառման սպառնալիքից, սակայն փոխարենը դիմել է «փափուկ ուժի» կիրառման գործիքին՝ որպես զենք օգտագործելով ոչ թե հրանոթները կամ ԱԹՍ-ները, այլ «էկոհարձակումը» Լաչինի միջանցքի վրա։ Իսկ խաղաղ, անզեն ուժերի դեմ խաղաղապահ առաքելությունը, ինչպես մեկշաբաթյա շրջափակումն է վկայում, որևէ ուժ՝ փափուկից մինչև չափավոր կոշտ կամ կոշտ, կիրառել չի պատրաստվում՝ փաստացի իր պատասխանատվության գոտում թույլ տալով ադրբեջանական դոմինանտությունն ու Ադրբեջանի՝ դրության տերը լինելը։ Այս օրերին բոլորին հուզող հարցը հետևյալն է՝ արդյոք խաղաղապահ զորակազմը սաբոտաժի՞ է դիմում՝ ցուցաբերելով հանդուրժողականություն ադրբեջանական գործողությունների նկատմամբ, թե՞ զորակազմի «ձեռքերը կապված են», քանի որ չկա որևէ իրավական հիմք, կանոնադրություն, համաձայն որի՝ զորախումբը պետք է դիմի իրենից պահանջվող որոշակի միջամտությունների։
Մոսկվան երկու անգամ Երևանի ու Բաքվի հետ փորձել է հստակեցնել խաղաղապահների մանդատը, բայց չի հաջողվել. International Crisis Group-ի բացահայտումները
Լաչինի միջանցքում մեկ շաբաթ տևող շրջափակումը առիթ դարձավ վերհիշելու երկար տարիներ ԼՂ հակամարտության ուսումնասիրմամբ զբաղվող հեղինակավոր «Միջազգային ճգնաժամային խմբի» (International Crisis Group) զեկույցն ու փորձագիտական գնահատականները մասնավորապես խաղաղապահ առաքելության մասով։
Դեռևս 2021-ի հունիսին, հիշեցնենք, Խումբը հրապարակել էր «Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան հեռանկարները» լայնածավալ զեկույցը, որի հիմնական շեշտադրումները վերաբերում էին ԼՂ-ում ստեղծված նոր իրավիճակին առնչվող մի շարք առանցքային խնդիրների՝ ՌԴ խաղաղապահ առաքելության մանդատի հստակեցում, սահմանային լարվածություն, հումանիտար ճգնաժամ, միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ Արցախ մուտքի թույլտվություն, տեղահանված բնակիչների կարիքներ և այլն։ Ըստ Խմբի փորձագետների՝ ՌԴ խաղաղապահների մանդատը պետք է հստակ ու մանրամասն լինի, այլապես, «չունենալով պաշտոնական մանդատ, մնում է միայն գուշակել, թե ինչպես են վարվելու խաղաղապահներն իրավիճակի սրացման դեպքում։ Մյուս կողմից՝ տեղական որևէ ուժ չի ցանկանա կռվի մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Անցած տարի՝ հրադադարից մեկ շաբաթ անց, ՌԴ նախագահն Ադրբեջանի նախագահին ակնարկել է, որ Մոսկվան Վրաստանի անջատական շրջանների անկախությունը ճանաչեց այն բանից հետո, երբ վրացիները հարձակում գործեցին Հարավային Օսիայում տեղակայած ռուսական զորախմբի վրա»։ (Նկատենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի և ադրբեջանական զինուժի միջև որևէ զինված բախում անցած երկու տարիների ընթացքում տեղի չի ունեցել, փոխարենը Ադրբեջանը կարողացել է տարածքներ օկուպացնել ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ մասնավորապես Հին թաղեր, Խծաբերդ, ապաև՝ Փառուխ։ Լաչինի միջանցքի փակումն էլ առանց զենքի է և առանց ռուսական զորախմբի վրա թիրախավորված հարձակման)։
Միջազգային ճգնաժամային խումբն իր զեկույցում պնդել էր, որ Մոսկվան երկու անգամ Երևանի ու Բաքվի հետ փորձել է հստակեցնել խաղաղապահների մանդատը, բայց չի հաջողվել։ Ադրբեջանցի մի պաշտոնյա Խմբին պատմել էր, որ դեռ 2020-ի դեկտեմբերին՝ պատերազմական գործողությունների ավարտից շաբաթներ անց, Մոսկվան մի փաստաթուղթ է ներկայացրել Երևանին և Բաքվին, որտեղ գրված է եղել, թե ինչ դեր են ստանձնելու ռուս խաղաղապահները և ինչ խնդիրներ են լուծելու Ղարաբաղում: Ադրբեջանը մի շարք դրույթների հետ համաձայն չի եղել։ «Նրանք ցանկանում են, որ ՌԴ-ն հստակ հայտարարի` տարածքը, որտեղ տեղակայված են խաղաղապահները, գտնվում է Ադրբեջանում»,- Խմբին պատմել է հայաստանցի մի պաշտոնյա՝ հավելելով, որ այդ պահանջը մերժվել է Երևանի ու Ստեփանակերտի կողմից:
Կրեմլում էլ, ըստ Խմբի, այն կարծիքի են, թե խաղաղապահների առաքելությունը հաջողության է հասել, նույնիսկ եթե մանդատը հստակեցված չէ։ Ուստի կսպասեն Բաքվի դիրքորոշման մեղմացմանը։ Ռուսաստանի պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով, իր հերթին Ճգնաժամային խմբին հայտնել էր, թե Ռուսաստանը բավարար համբերություն ունի, կշարունակեն աշխատել խաղաղապահների մանդատը հստակեցնելու ուղղությամբ, որպեսզի նրանք հստակ իրավունքներ ու պարտականություններ ունենան, որին հավանություն կտան երեք կողմերը՝ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը։ Պարոն Պուտինի համբերությունը, կարծես, դեռևս չի սպառվել, փոխարենը սպառվել է արցախահայության և ՀՀ համբերությունը՝ ամեն անգամ Մոսկվային հիշեցնելով խաղաղապահ զորակազմի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին։
Մոսկայում Խմբին հայտնել էին, թե խաղաղապահների մանդատի հստակեցումը անհրաժեշտ է, քանի որ եթե Ղարաբաղում ինչ-որ բան այնպես չգնա, «բոլորը կսկսեն մեղադրել Ռուսաստանին»։ Այս օրերին կարծես իրականանում են Մոսկվայի՝ Խմբի զեկույցի միջոցով հայտնի դարձած կանխատեսումները, ՌԴ հասցեին հնչող մեղադրանքների պակաս չկա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հիշյալ մեղադրանքները «անթույլատրելի և անարդյունավետ» էր որակել՝ առանց հստակեցնելու, թե որ կողմից են դրանք հնչում, և շեշտել՝ «որտեղից էլ որ դրանք հնչեն»։
Փաստացի արդեն երկու տարի է՝ մոտ երկու հազար (1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա) ռուս խաղաղապահ տեղակայվել է Արցախում՝ միայն եռակողմ հայտարարության համաձայն, մինչդեռ դրանում չի հստակեցնում`կոնկրետ ի՞նչ լիազորություններ ու իրավասություններ ունեն խաղաղապահները, և ի՞նչ կարող են անել, եթե, ասենք, շփման գծում լարվածությունը կրկին աճի։
«Եթե տեղական ու միջազգային խաղացողները փորձեր չձեռնարկեն հետպատերազմյան՝ անվտանգության, հիմնական կարիքներն ու տեղահանված բնակիչների խնդիրները լուծելու համար, ապա Լեռնային Ղարաբաղն ամենայն հավանականությամբ տասնամյակներով կմնա թույլ ինտենսիվությամբ լարվածության գոտի։ Այդ լարվածությունը կանդրադառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, այլև ամբողջ Հարավային Կովկասի վրա, ներառյալ տարածաշրջանում առևտրի ու ենթակառուցվածքների վերականգնման կապերը, որը նախատեսված է զինադադարի շրջանակներում»,- զգուշացնում էր Միջազգային ճգնաժամային խումբը:
Բաքվի երեք նպատակները
Այս տարվա օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ի հայտ եկած լարվածությունից և բախումից հետ Խումբը կրկին հանդես եկավ փորձագիտական գնահատականներով ՝ նշելով, թե սրելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ՝ Բաքուն երեք նպատակ է հետապնդում, որոնց ուզում է հասնել ուժով կամ ուժի սպառնալիքով։ Բաքվի առաջին պահանջը, ըստ Խմբի, վերաբերում է Ստեփանակերտից Հայաստան տանող ճանապարհին՝ Լաչինի միջանցքին։ Ադրբեջանցի պաշտոնյաները Խմբի հետ զրույցներում մասնավորապես ասել էին, թե իրենց ընկալմամբ՝ Երևանը ձգձգում է այդ ճանապարհը շրջանցող նոր երթուղու շինարարությունը՝ այսպիսով փորձելով հետաձգել Լաչին քաղաքի և մի շարք գյուղերի հանձնումը։ Երկրորդ պահանջը վերաբերում էր ԼՂ-ում առկա զինված ուժերին։ Ապօրինի որակելով Ղարաբաղի պաշտպանության բանակի գոյությունը՝ Ադրբեջանը պահանջել էր, որ ռուս խաղաղապահները նրանց զինաթափեն։ Մինչդեռ Հայաստանն ու Ղարաբաղը հայտարարել էին, թե նման հարց չի դրվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Ադրբեջանցի ռազմական պաշտոնյաներից մեկն, իր հերթին, Խմբին ասել էր, թե Բաքուն կշարունակի գործողությունները, քանի դեռ ԼՂ-ն ամբողջությամբ չի ապառազմականացվել:
Բաքվի երրորդ պահանջը վերաբերում էր Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների սկսմանը, որով այդ երկիրն ակնկալում է լուծել հակամարտությունն իր օգտին։
Փորձագիտական խումբն այս համատեքստում կրկին անդրադարձել էր նաև խաղաղապահներին՝ նշելով, թե «Երևանում ու Ստեփանակերտում ոմանք դժգոհ են խաղաղապահների, իրենց համոզմամբ, անգործությունից։ Չնայած պարզ էլ չէ, թե ռուսները իրականում ավելին անելու համար ինչ կարողություններ ունեն։ Խաղաղապահները հաճախ իրենց անկարող են զգում. բոլորն են հասկանում, որ միջազգային ասպարեզում այսօր ՌԴ-ն թույլ է առավել, քան երբևէ»,- փորձագետներին ասել էր ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
«Վերջին բախումները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին այն մարտահրավերները, որոնց բախվում է ռուսական խաղաղապահ առաքելությունը»,- գրել էր Խումբը՝ արձանագրելով, որ խաղաղապահները մինչ օրս հստակ մանդատ չունեն, և պարզ չէ, թե ինչ կարող են անել՝ բացի դիտարկումից։