«30 տարի նստել են աթոռներին, լափել, թալանել են՝ հույս կապելով ռուսների հետ». ՔՊ պատգամավոր

Եթե մեր նպատակն է Ադրբեջանի հետ սեղանի շուրջ նստել միջազգային ուժերի մասնակցությամբ և միջազգային երաշխիքներով, ապա պիտի այնպիսի բառապաշար և ձևակերպումներ օգտագործենք, որ ընդունելի լինի միջազգային հանրության համար: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանն այսօր չի խոսում Արցախի ինքնորոշման իրավունքից, չի նշանակում, թե չի ուզում, այլ որպեսզի չտապալվեն բանակցությունները և առիթ չտրվի Ադրբեջանին հանդես գալու ուժի դիրքերից. «Ամբողջ խնդիրն այն է, որ հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանում: Մեր սկզբունքն է, որ կյանքի կոչվի Արցախի ժողովրդի ապրելու և դրանից բխող բոլոր իրավունքները»:

Վերջինս նշեց, որ տարիներ շարունակ նախորդ իշխանությունները փակուղի են մտցրել արցախյան հարցի շուրջ բանակցությունները: «Երկիրը փակուղի է մտցվել նաև տնտեսությունով, բանակով, կառավարման համակարգի այլասերմամբ: Գործ ունենք պատասխանատվության լուրջ բեռի հետ: ՀՀ-ում արդեն 30 տարի է՝ մի շարք պրոբլեմներ են կուտակված»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ այս խնդիրները հետևանք են այն փաստի, որ մենք մեր քաղաքականությունը չենք կառուցել սեփական կարողությունները զարգացնելու վրա:

«Նստել են աթոռներին, լափել, թալանել են՝ հույս կապելով ռուսների հետ: Ու մինչև հիմա չեն կարողանում հասկանալ, որ Հայաստանի ինքնության սուբյեկտությունը գրեթե ոչնչացրել են: Հիմա պետք է զուգահեռ տնտեսությունն առողջացնել, բանակը հզորացնել, հարաբերություններ կառուցել այլ գործընկերների հետ, սեփական կարողություններն ու ինքնուրույնությունները զարգացնել: Դա չի արվում երկու-երեք տարում, և պատահական չէ, որ մենք ներսում մեծ դիմադրություն ենք ստանում»,- ասաց Խաչատրյանը:

Նա մատնանշեց, որ նախկին պաշտոնյանը, ձգտելով վերականգնել իրենց արտոնյալ աթոռները, սպասարկում են այլ երկրների շահեր. «Հայկական շահը Հայաստանի ինքնուրույնության զարգացումն է, ներուժի բազմապատկումն ու Արցախի սուբյեկտայնության վերականգնումն է: Իսկ այդ մարդիկ Արցախը որպես բանակցային սուբյեկտ ոչնչացրել են վաղուց»:

ՔՊ պատգամավորը ակնկալում է, որ գոնե ստեղծված նմանատիպ իրավիճակներում Հայաստանի հասարակությունը պետք է միասնություն դրսևորի՝ մեկ ճակատով հանդես գա, որը, նրա խոսքով, ցավոք, այս օրերին չենք տեսնում. «Չլսված բան է, որ Ադրբեջանը շրջափակի Արցախը, մարդիկ գնան Կառավարության շենքի մոտ ցույց անեն: Սերժ Սարգսյանը որպես ի՞նչ էր Կառավարության շենքի մոտ կանգնել»:

Ըստ նրա՝ չպետք է թերագնահատենք Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը միայնակ չի գործում, և Էժան հայրենասերների խորհուրդներով պրոբլեմներ չպետք է ստեղծենք մեր ժողովրդի համար: «Պետք է հաշվարկենք բոլոր հնարավոր լկտիությունները, որ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս: Միջազգային իրավունքի տեսանկյունից գազը և ճանապարհը փակելը լկտիություն է, բայց այդ մարդիկ ամեն ինչի ընդունակ են: Մենք պետք է ունենանք անհրաժեշտ սննդի պաշար ու դիմակայելու ներուժ կուտակենք և՛ Արցախում, և՛ Հայաստանում»,- ընդգծեց նա:

(Visited 167 times, 1 visits today)