«Ես համաձայն չեմ ձեզ հետ». Զախարովայի պատասխանը հայ լրագրողին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հայ լրագրողի հարցերին, մեկնաբանել է թուրք գեներալի նշանակումը Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնում։

Հայ լրագրողի հարցին, թե «ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում ՆԱՏՕ-ի անդամ երկրի գեներալին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարի խորհրդական նշանակելուն, և ինչո՞ւ է Ռուսաստանը աչք փակում Թուրքիայի հետ Ադրբեջանի համագործակցության վրա, եթե բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ի հետ մյուս հետխորհրդային երկրների համագործակցությանը», Զախարովան պատասխանել է, որ օտարերկրյա խորհրդականներ կան ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Հայաստանում։

«Ես համաձայն չեմ ձեզ հետ: Ես օտարերկրյա քաղաքացի հանդիսացող խորհրդականներ եմ տեսնում ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Ադրբեջանի և Ռուսաստանի հարևան այլ երկրներում։ Հայաստանում էլ կան այդպիսի մարդիկ։ Հետևաբար ես չեմ ընդունում ձեր դրվատանքը»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ յուրաքանչյուր պետություն ինքնիշխան իրավունք ունի իր գործընկերների հետ զարգացնել իր ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը։ Զախարովան նաև նշել է, որ այդ համագործակցությունը չպետք է ուղղվի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում։​​​​​​​«Մենք պարբերաբար այս թեզը ներկայացնում ենք տարածաշրջանի մեր գործընկերների ուշադրությանը»,- եզրափակել է նա։