Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բտկված հրդեհի հետեւանքով զոհված 15 ժամկետային զնծառայողներից 2-ը Տավուշի մարզի բնակիչ էին։
Դիլիջան քաղաքի Գետափնյա 88 շենքի բնակիչ, 2003թ․ ծնված Գոռ Մարտիրոսյանը մեկ տարվա զինծառայող էր։
Նա սովորել է Դիլիջանի թիվ 2 դպրոցում, Դիլիջանի բնակիչները հայտնում են, որ Գոռը հիանալի, օրինակելի անձնավորություն էր, բարի, համեստ, լավ սովորող, դաստիարակված, հարգված ու սիրված էր։ Նա գեղեցիկ նկարներ էր արարում, սովորում էր Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում, Գոռի հայրը արհեստավոր- շինարար է, մայրն աշխատում է թխվածիքի արտադրամասում։
Գոռը ընտանիքի միակ որդին էր, Մարտիրոսյանների ընտանիքն աղջիկ ունի։
Գոռ Մարտիրոսյան
Հրդեհից զոհված Պավլիկ Աբազյանը Իջեւան խոշոր համայնքի սահմանամերձ Աչաջուր գյուղից էր։
Նա եւս ընտանիքի միակ տղան էր, Պավլիկի քույրը՝ Մարիանան 2022թ․ դեկտեմբերի 25-ն է ամուսնացել, հարս գնացել Իջեւան քաղաք, այդ ժամանակ Պավլիկն արձակուրդ է գնացել Աչաջուր, մասնակցել քրոջ հարսանիքին։ Պավլիկը 19 տարեկան էր, կյոկուշինկայ կարատեի Հայաստանի եռակի չեմպիոն էր, նրա ֆեյսբուքյան էջում բազմաթիվ լուսանկարներ կան իր մարզումներից եւ մրցումներից։Պ․ Աբազյանը զորակոչվել էր 2021 թվականի ամռանը, ծառայել էր տարիուկես, 2023-ի ամռանը պետք է զորացրվեր։ Պ․ Աբազյանի ծնողները գնացել են հրդեհի վայր, սակայն չեն կարողացել ճանաչել իրենց որդու մարմինը, դիակը նույնականացնելու համար նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն։