«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վրույր Այվազյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ գիշերը տեղի ունեցած դժբախտ դեպքի արդյունքում զոհվել է նաև Լոռու մարզի Հոբարձի համայնքի բնակիչ Ռոստոմ Ասրյանը:
Այվազյանը գրել է. «2022 թիվն էր, շարժվում էի դեպի Կուրթան, ճանապարհին տեսա մի զինվորի, ով քայլում էր ճանապարհին զուգընթաց: Կանգնեցի, նա նստեց: Նրան չէի ճանաչում:
«Ես քեզ պարտական եմ, ո՞ւր տանեմ»: Զինվորը զարմացավ և պատասխանեց` «Հոբարձի»: Մի երկու բառ զրուցեցինք` ծառայությունից, դեսից, դենից:
Զինվորը Ռոստոմն էր: Իջնելուց առաջ հարցրի` ի՞նչ կարող եմ անել քեզ համար: Ռոստոմը առանց երկար մտածելու ասաց՝ «Ինձ ոչինչ պետք չի: Զորամասում՝ պոստերի համար պակրիկշա ա պետք, մի քանի ավտո, եթե կարաս ուղարկի»: «Կլինի», պատասխանեցի։
Կոնտակտներ փոխանակեցինք ու Ռոստոմը իջավ իրենց տան մոտ: Ռոստոմի հոր հետ համագործակցությամբ մի քանի մեքենա անվադող ուղարկեցինք Ռոստոմի ուղղորդած տեղը:
Ես իմ պարտքը տվեցի Ռոստոմ ջան, բայց մենք ազգովի էլի քեզ պարտք մնացինք:
Մենք քեզ կյանք ենք պարտք»: