Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ Այս մասին գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում։ Նա նշել է այդ ընթացքում ադրբեջանցիների կողմից հերթական սադրանքի մասին։
«Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։
Այնուհետև, մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։ Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարացում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։
Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։ Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։
Ադրբեջանի կառավարության գործակալների այս լկտի պահվածքը երեխաների անձնական կյանքի կամայական և ապօրինի միջամտություն է, նրանց հոգեբանական անձեռնմխելիության, պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության: Այս հանցավոր գործողությունները ամբողջությամբ բացահայտում է նրանց իրական նպատակներն ու ցանկությունները։
Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը չի ճանաչում սահմաններ՝ թիրախավորելով անգամ անչափահաս երեխաներին։ Այս սադրիչ և հանցավոր գործողությունը ևս մեկ անգամ ապացուցում է ճանապարհի արգելափակված լինելու փաստը և դրանով անվտանգ երթևեկելու անհնարինությունը՝ անգամ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ»,- գրել է նա։