Այսօր՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Համբարձումյան 9 հասցե, որտեղ կանգառում հայտնաբերել է տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ 77-ամյա Լյովա Մ․-ն է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վերջինս երթուղային տաքսու հետևից վազելիս վայր է ընկել, գլխի շրջանում հարվածել տրանսպորտային միջոցների համար կառուցված կանգառի մետաղական նստարանի ակյունակին, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։
Դեպքի փաստով՝ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Իսկ ճանապարհը եղել է անցանելի։