Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողներին առաջարկվում է կամավոր զորակոչվել ռուսական բանակ

Օտարերկրյա քաղաքացիները ստանում են ռուսական բանակի շարքեր զորակոչվելու առաջարկներ՝ Ռուսաստանի քաղաքացիության ձեռքբերումն արագացնելու նպատակով։

Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Ռուսաստանի տարածքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար հերթագրված օտարերկրյա քաղաքացիներին հրավիրում են կամավոր զորակոչվել բանակի շարքերը և ավտոմատ կերպով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գլխավոր շտաբի տվյալներով՝ Ռոստովի մարզի Կադամովսկու զորավարժարանում Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցող ռուսական օկուպացիոն ուժերի ստորաբաժանումները նախապատրաստելու և հետագայում հավաքագրելու նպատակով սպասվում է մոբիլիզացված ստորաբաժանումների ժամանում։ «Առաջին հերթին հավելյալ համալրումը վերաբերելու է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությանը և «Բարս» ջոկատներին, որոնք անընդհատ կադրեր են կորցնում Ուկրաինայում»,- ասվում է զեկույցում։

Նաև, ըստ Գլխավոր շտաբի, ճնշում է գործադրվում Մոսկվայի կոմերցիոն կառույցների վրա՝ միջոցների փոխանցման միջոցով ֆինանսապես աջակցելու ռուսական զինված ուժերին։