«Ժամանակն է, որ հայոց եկեղեցու որոշակի ունեցվածք ի նպաստ դրվի հայրենիքի պաշտպանությանը». Նորայր Նորիկյան

«Հայ ժողովրդի հարուստնե՛ր, մեծ ու փոքր օլիգարխնե՛ր, նախագահից շարքային, ներկաներ ու նախկիններ, խելո՛ք, սուսուփուս, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կամավոր ու ինքնակամ 5 միլիարդ ԱՄՆ դոլլար մուտք արեք պետական բյուջե»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը՝ շարունակելով.

Ակնհայտ է, որ Ալիևը Լաչինի միջանցքը հեշտ ու հանգիստ չի բացելու, ակնհայտ է, որ այն բացելուն ուղղված ցանկացած քայլ կարող է շրջադարձային լինել, ակնհայտ է, որ ցանկացած պահի կարող է ռազմական էսկալացիա տեղի ունենալ՝ ավելի ողբերգական զարգացումներով հանդերձ։

Ակնհայտ է նաև, որ Ալիևը չի ցանկանում սահմանափակվել Արցախով, նրա խնդիրը «Արևմտյան Ադրբեջանը» նվաճելն է։

Ես մի բան գիտեմ՝ Հայրենիքը պետք է պաշտպանել արտաքին ռազմական ագրեսիայից, ուրիշ տարբերակ չկա: Աշխարհի որևէ պետություն, եթե իհարկե չի ուզում կապիտուլյացիայի ենթարկվել ու իր երկիրը հանձնել թշնամուն, պետք է պաշտպանվի։

Սենտիմենտալ հայտարարություններով Հայրենիք չեն պաշտպանում։ Հայաստանը որևէ նահանջի իրավունք չունի, որովհետև ցանկացած նահանջ, ցանկացած տարածքի հանձնում Ադրբեջանին լինելու է մեր պետականության կորուստը։

Մեր երկրում ներկայումս ստեղծված անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի պատճառներից մեկն էլ այն է, որ անցած տարիներին արդարության ճգնաժամը չհաղթահարվեց: Մենք մնացինք նույն անարդարության ճահճի մեջ ու այսօր քաղում ենք նրա պտուղները:

Ես ասում եմ՝ մինչև 10 միլիարդ ԱՄՆ դոլլար է պետք մեր բանակի վերազինման համար, խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը վերականգնելու համար։

Եվ այդ գումարը պետք է ոչ թե զենք գնելու ու Ադրբեջանի վրա հարձակվելու համար, այլ որ Ադրբեջանը չհամարձակվի հարձակվել։

Մեզ պետք է շատ կայուն ու պինդ բանակ և արտաքին ագրեսիայի դեպքում հասարակության մեջ 100%-անոց համերաշխության առկայություն։

Եթե ուզում ենք պետություն ու հայրենիք ունենանք ու այն պահպանենք, ուրեմն հայ ժողովրդի հարուստնե՛ր, մեծ ու փոքր օլիգարխնե՛ր, մեծից փոքր, նախագահից շարքային, ներկա ու նախկին, խելո՛ք, սուսուփո՛ւս, թեկուզ Ձեր ունեցվածքը պահպանելու մղումից դրդված, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կամավոր ու ինքնակամ 5 միլիարդ ԱՄՆ դոլլար մուտք արեք պետական բյուջե։

Հայ առաքելական եկեղեցին նույնպես պետք է մասնակից դառնա հայրենիքի պաշտպանության գործին։

Ժամանակն է, որ հայոց եկեղեցու որոշակի ունեցվածք ի նպաստ դրվի հայրենիքի պաշտպանությանը։

Ես ասում եմ՝ լուրջ վերաբերվեք այս խնդրին։ 4 տարին բավարար էր, որպեսզի Հայաստանից թալանված գումարները վերադարձվեին և դրանով հնարավոր լիներ ահագին գործ անել՝ բանակը զինել, մարտական դիրքերը կահավորել, լուրջ դիմադրություն համակարգ ստեղծել։

Չի արվել։ Քիչ ժամանակ ունենք։ Կամավոր չարեցիք, հաջորդ իշխանությունն այդ խնդիրը կլուծի ավելի չոր ու ավելի կոշտ միջոցներով։

Մենք հայրենիք ու պետություն կորցնելու իրավունք չունենք»։