MMA մարտիկ Գեորգի Գագլոևին մահացած են գտել գնացքի վագոնում․ նրան բարձով խեղդել են

Բեսլանցի խառը մենամարտերի (MMA) մարտիկ Գեորգի Գագլոևին մահացած են գտել Վլադիկավկազից Մոսկվա մեկնող գնացքի վագոնում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ Գագլոևին գտել են Դոնի Ռոստովում գնացքի կանգառում։

Baza-ն հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, Գեորգի Գագլոևը սպանվել է գնացքի վագոնում բարձով շնչահեղձ լինելու հետևանքով։ Միաժամանակ «112» տելեգրամյան ալիքը պնդում է, որ Գագլոևի մահը կրիմինալ բնույթ չի կրում՝ նա մահացել է թոքային էմբոլիայի պատճառով։

Baza-ի աղբյուրները Գագլոևի ենթադրյալ սպանությունը կապում են այն փաստի հետ, որ նա ակտիվորեն փնտրում էր իր մորաքույր Ռիմմա Գագլոևային՝ Հյուսիսային Կովկասում հայտնի գուշակին, ով անհետացել էր Չեչնիայում 2022 թվականի փետրվարին։ Նրա հետ միասին անհետացել է կնոջը Գրոզնիից Բեսլան տանող տաքսու վարորդը։ Նրանց անհետացումից հետո քննիչները քրեական գործ են հարուցել երկու և ավելի անձանց սպանության հոդվածով։

Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2016 թվականին Գեորգի Գագլոևը հաղթել է Սանկտ Պետերբուրգի սամբոյի տղամարդկանց առաջնությունում։ «ՏԱՍՍ»-ը գրում է, որ Գեորգի Գագլոևն իր կարիերայի ընթացքում փոփ MMA-ում երեք մենամարտ է անցկացրել և բոլորում էլ պարտություն է կրել։