«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռում Մոսկվա–Խուջանդ (Տաջիկստան. խմբ.) թռիչքի ժամանակ երեխա է ծնվել։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը` նշելով, որ դեպքը եղել է Ամանորի նախօրեին։
Ըստ հաղորդագրության` երբ ինքնաթիռը օդ է բարձրացել, ուղևորուհին փորի հատվածում ցավեր է զգացել և այդ մասին հայտնել անձնակազմին։ Ավագ բորտուղեկցորդը դիմել է ուղևորներին և խնդրել, որ արձագանքեն օդանավում գտնվող բժիշկները։
Պարզվել է, որ ուղևորների շրջանում բախտի բերմամբ, թե պատահմամբ գրեթե լիարժեք ծննդատուն կա` նեոնատոլոգ, 2 բուժքույր–մանկաբարձ և բժիշկ–ռենտգենոլոգ։ Բուժանձնակազմը գնահատել է իրավիճակը, համաձայնեցրել գործողությունների ընթացքն ու սկսել ընդունել երեխայի ծնունդը։ Փոքրիկը ծնվել է 1 ժամ անց։
Աղջիկը առողջ է` 46 սմ հասակով և 2600 գրամ քաշով։ Երբ ինքնաթիռը տեղ է հասել, նորաթուխ մորն ու փոքրիկին դիմավորել է շտապօգնության բրիգադը։ Նրանց արդեն դուրս են գրել հիվանդանոցից, երկուսն էլ իրենց լավ են զգում։