Ադրբեջանի քաղաքացիություն ընդունած և 2022թ. դեկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի օգնական նշանակված Բախթիար Էրսայը,
ով Թուրքիայի բանակի գեներալ է և եղել է Արցախյան 44 օրյա պատերազմի պլանավորողներից և ռազմական գործողությունները համակարգողը, ծնվել է Դերսիմի հայկական Չմշկածագ ավանում։
Չմշկածագի հայ բնակչությունը կոտորվել ու գաղթի է մատնվել հիմնականում 1915 թվականի ցեղասպանության ժամանակ։
Արդյո՞ք պատահական են լինում նման նշանակումները։ Չեմ կարծում։
Վաղվա պատերազմները մեր դեմ վարելու են արդեն այսօր Հադրութ տեղափոխվելու պատրաստվող թուրքից ծնվածները ու մենք ցավով նորից նկատենք, թե որ հերթական հայաթափ եղած բնակավայրին տիրացածն է գալու մեր սեփական հողերը մեզանից խլելու
Արտյոմ Տոնոյան
Հիշեցնենք
Սեպտեմբերի 10-ին թուրք գեներալ-գնդապետ Բախտիար Էրսային նշանակվեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խորհրդականի պաշտոնում։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ նշանակումից հետո Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում նա խոսել էր ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու իր աշխատանքի, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների մասին։
Ընդգծենք, որ դեռևս սեպտեմբերին Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը Ադրբեջանում թուրքական բանակը ներկայացնող հատուկ հրամանատարության կազմում նշանակել էր չորս գեներալների, որոնցից մեկը եղել էր հենց Բախտիար Էրսային: Փորձագետները կարծում են, որ նման նշանակումը Անկարայի և Բաքվի միջև երկրների զինված ուժերը «միաձուլելու» հերթական փորձն է:
Դեռ նախորդ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական բանակի վերահսկողության տակ անցած Արցախի Շուշի քաղաքում ստորագրել էին պատերազմի դեպքում միմյանց ռազմական փոխօգնություն տրամադրելու վերաբերյալ պայմանագիրը: Դրան նախորդել ու հաջորդել էին տասնյակ համատեղ զորավարժությունները:
Համաձայնագիրը փաստացի ռազմական դաշինքի մակարդակի է հասցրել երկու երկրների ռազմական համագործակցությունը, որոնցից մեկը ՆԱՏՕ-ի անդամ է, ընդգծում է BBC-ի թուրքական ծառայությունը։
Ավելին, թե Թուրքիայի, և թե Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավար շրջանակները վաղուց է, ինչ ակնարկում են իրենց բանակները միավորելու մասին: Դրա լավագույն վկայություններից է դեկտեմբերի 6-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության թվիթերյան էջում տեղադրված ուշագրավ գրառումը, որտեղ ասվում է. «Մեկ բանա՛կ: Մեկ ու՛ժ: Մեկ բռո՛ւնցք: Թուրքիան և Ադրբեջանը «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո կշարունակեն միասին լինել դժվարին և ուրախ օրերին։ Կեցցե թուրք-ադրբեջանական եղբայրությունը»: