«Սիրո ու ողբերգության միջև պատերազմն է» Լիլիթ և Արմեն Կարապետյանները հուղարկավորված են կողք կողքի

Կարապետյանների տան հյուրասենյակի աջ կողմում նորապսակ զույգի սենյակն է։ Արմենի մայրը՝ տիկին Բավականը, դողացող ձեռքով զգուշությամբ բացում է սենյակի դուռը։ Փոքր սենյակի պահարանին խնամքով կողք կողքի շարված են Արմենի իրերը՝ նկարները, զինվորական գլխարկներն ու օծանելիքը, պատին Արմենի ու Լիլիթի հարսանեկան մեծ լուսանկարն է։

2022 թ.-ի սեպտեմբեր 12-ի լույս 13 գիշերը թշնամու ԱԹՍ-ի հարվածից Սոթքի զորամասում զոհվեց լեյտենանտ Արմեն Կարապետյանը։ Երկու ամիս անց ինքնասպան եղավ նրա կինը՝ 23-ամյա Լիլիթը։

«Դիմավորե՛ք մեր նորապսակ զույգերին»,- հարազատները ծափերով դիմավորում են նրանց, պատմում է Արմենի մայրը՝ մեզ ցույց տալով նրանց հարսանիքից արված կադրերը։

Արմենն ու Լիլիթը Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղից էին։ Բարեկամի հարսանիքի ժամանակ էին ծանոթացել, Արմենը խաչեղբայրն էր, Լիլիթը՝ հարսնաքույրը, մոտ մեկ տարի ընկերություն են արել, այնուհետև՝ որոշել ընտանիք կազմել։

«Եկավ, ասեց՝ գյուղից աղջիկ եմ տեսել, ճանաչելով Լիլիթին, իր ընտանիքին՝ ուրախացանք, երջանիկ էինք մեր էրեխեքով, շատ կարճ տևեց մեր էրեխեքի ուրախությունը։ Լիլիթն ու Արմենն իրար շատ-շատ էին սիրում։ Արմենը կյանքը տվեց հանուն հայրենիքի, Լիլիթն էլ՝ հանուն Արմենի»,- ասում է Արմենի մայրը։

Արմենը պայմանագրային զինծառայող էր, 44-օրյա պատերազմի մասնակից։ Սեպտեմբերի 12-ի երեկոյան աշխատանքից տուն է վերադարձել, կեսգիշերին վաշտի տղաներից զանգել ու ասել են՝ պատերազմ է սկսվել։

«12։05 տնից դուրս եկավ, գնաց, անընդհատ զանգեցինք՝ Արմեն, ո՞ւր ես, Արմեն, ո՞ւր ես, ասում էր՝ սպասեք երեխեքիս հասնեմ, թողեք հասնեմ զորամաս, հերիք ա զանգեք։ Հասել էր զորամաս, երեխեքն արդեն դուրս էին եկել, հավաքել երեխեքին, պառկացրել էր ամենքին մի կողմ, ԱԹՍ-ն իրեն խփել էր»,- պատմում է մայրը։

Արմենի գնալուց հետո նրա հայրը՝ Կարապետը և աները՝ Պերճը գնացել են նրա հետևից։

«Ճանապարհից ետ դարձրին մեզ, գնացինք, մեքենան թողեցինք Վարդենիս, ոտքով մի զինվորի ծնողի հետ գնացինք, զանգ եկավ Արմենի համարից, զինվորի հայրը վերցրեց, ասեցի՝ դե հարցրու՝ էս համարի տերն ո՞ւր ա, ասեց՝ մեր վաշտի հրամանատարի համարն ա, ինքն աջ ուսից վիրավոր ա, տարան հոսպիտալ։ Դրանից հետո ետ դառանք, գնացինք, հոսպիտալները ֆռացինք, չգտանք, միանգամից տեղափոխել էին Մարտունու դիահերձարան»,- ասում է Արմենի եղբայրը՝ Վաչագանը։

Երբ Լիլիթն իմացել է, որ Արմենը զոհվել է, ինքնասպանության փորձ է կատարել։ Հայրն արագ հիվանդանոց է տարել, բժիշկներին հաջողվել է նրա կյանքը փրկել։

«Արմենի ամուսնական մատանին հիվադանոցում հանել էին, ուղարկել էին տուն։ Թաղման օրը Լիլիթը ձեռքերն էր շոյում, տեսավ, ասեց՝ ո՞ւր ա Արմենի մատանին, որ ես դրել էի մատը, բերեք էդ մատանին։ Իր ձեռքով մատանին դրեց Արմենի մատին, բարձրաձայն ասեց․ «Արմե՛ն ջան, ես քեզ խոսք եմ տալիս՝ ես քեզ մենակ չեմ թողնի, առանց քեզ ապրելու իմաստ չեմ տեսնում, կգամ կհասնեմ քեզ»։ Կողքը կանգնածներս շշմեցինք, ասեցինք՝ ա’յ Լիլիթ ջան, դու հերոս Արմենի կինն ես։ Հետո սաղիս աչքին երևի թոզ փչեց, եկավ գործի, գնաց իրենց տուն, շաբաթ օրերին գնում էինք գերեզմաններ։ Ասում էր՝ որ երեխայի սպասեի, Արմենի նման կապուտաչյա, շեկ երեխա ունենայի, կյանքս իմաստ կունենար»,- պատմում է Արմենի մորաքույրը՝ Նոնան։

Լիլիթի հայրական տնից երևում են գյուղի գերեզմանները։ Լիլիթի սկեսուրը նշում է՝ երբ գնում էր հայրական տուն, ասում էր՝ ավելի վատ եմ զգում, քան այստեղ։

Լիլիթի հայրը՝ Պերճը, գրեթե չի խոսում։ Ասում է՝ ուզում է պատմել Լիլիթի մասին, բայց չի կարողանում։ Լիլիթը մանկավարժ էր, հոր խոսքով՝ շատ էր սիրում իր աշխատանքը, բնավորությամբ ոչ մեկին նման չէր, ինքն իրեն էր նման։

«Սիրում էր ամեն ինչ, ամեն ինչ,- Պերճի ձայնի տոնայնությունը գնալով իջնում է,- մի բան չի եղել, որ դժգոհ լինի, միշտ ուրախ ա եղել, փոքրուց միշտ ժպիտ ա եղել իր դեմքին․․․Չարաբաստիկ պատերազմ, չարաբաստիկ պատերազմ»,- կարծես ինքն իր հետ խոսելով՝ շշուկով ասում է հայրը։

Նոյեմբերի 11-ի գիշերը Լիլիթին հայրական տան լոգարանում գտել է մայրը։

«Մայրը դուրս էր եկել, որ գնար գոմ, նկատել էր, որ բաղնիքի լույսը վառվում ա, դուռը փակ ա, վազել էր Լիլիթի սենյակ, տեսել էր, որ տեղում չի, եկել էին դուռը բացել էին, տեսել էին, որ Լիլիթը բաղնիքում ա, էդպես եղան մեր ժամանակների Ռոմեոն և Ջուլիետան։ Իրանք իրար շատ էին սիրում, իրանք իրար ընտրեցին»,- ասում է Արմենի մորաքույրը։

Լիլիթ և Արմեն Կարապետյանները հուղարկավորված են կողք կողքի՝ ընտանեկան գերեզմանատանը։