ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղհայց է ներկայացրել «Վ․Ի․Վ․ ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ» ՍՊԸ-ի դեմ՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ datalex.am կայքից։
Հիշյալ ՍՊԸ-ն է իրականացնում ankakh.com լրատվական կայքի թողարկումը, որի խմբագիրն է ԱԺՄ ղեկավար, «Հանրային խորհրդի» նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը։
Հայցադիմումը ստացվել է 22-12-2022-ին, մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանին։
Պարզեցինք, որ հայցադիմումի առիթը եղել է հիշյալ կայքում տեղ գտած մի հրապարակում, որտեղ մասնավորապես նշվում է, թե «ՀՀ չորրորդ նախագահ (ՀՀ նախագահ դառնալու փափագ ունեցող Վազգեն Մանուկյանի խմբագիր տիկինը, փաստորեն, տեղյակ չի, որ Վ. Խաչատուրյանը ՀՀ ոչ թե 4-րդ, այլ 5-րդ նախագահն է-խմբ.) Վահագն Խաչատուրյանն ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հագուստ գնում են պետական միջոցներով։
Գնումները ձևակերպվում են որպես պետական գնում՝ ներկայացուցչական ծախսեր, սակայն Ալեն Սիմոնյանի և Վահագն Խաչատուրյանի անձնական օգտագործման զգեստապահարանն են համալրում։
Այստեղ հետաքրքիր է մեկ այլ հանգամանք, թե որտեղի՞ց են այդ գնումները անում ՀՀ իշխանության կարկառուն դեմքերը։ Մեզ հասած տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանն ու Վահագն Խաչատուրյանը գնումներ են կատարում Gritti LLC-ի ցանցի խանութների ցանցից»։