Միտքս չի հանգստանում. երեկ ամբողջ օրը ես ու Սոնան ստացել ենք զանգեր, նամակներ… որոշեցինք… կհանդիպենք Հրապարակում…

Դերասան, երգիչ Գարիկ Պապոյանը կրկին գրառում է կատարել՝ ևս մեկ անգամ անդրադառնալով Հանրապետության հրապարակում այսօր նախատեսված համերգին մասնակցությանը: Վերջինս հայտնել է, որ հետ չեն կանգնելու որոշումից, և դա անելու են հենց զոհված տղաների համար.

«Կարդում էի ձեր մեկնաբանությունները: Շնորհակալ եմ մեկնաբանություններում մաքսիմալ կոռեկտ, իրար հարգող և խորը տրամաբանված կարծիքների համար:

Միտքս չի հանգստանում. երեկ ամբողջ օրը ես ու Սոնան ստացել ենք զանգեր, նամակներ: Մեծ մասը մեզ ասում են, որ իրավունք չունենք համերգը չեղարկելու: Անմահացած զինվորներից մեկի մայրն ասում էր, որ «իմ տղայի թողած երկրում պիտի երաժշտությունը մի՛շտ հնչի…»: Արցախի ընկերներս կատակով ասում են՝ «նենց բարձր կնվագեք, որ մեզ մոտ էլ լսվի…»:

Բայց, միևնույնն է, սրտում մի տեսակ դատարկություն եմ զգում. չէ՞ որ կան իսկապես սրտացավ հայրենակիցներ, ովքեր դե՛մ են:

Բոլորը մեզնից սպասում են անել այն, ինչ իրենք են ճիշտ զգում: Բոլորդ ճիշտ եք, բոլորիդ սիրում եմ, բայց մենք այսպես ենք զգում. մենք լինելու ենք Եռաբլուրում, ոչ երթով, պարզապես, էլի առանց լուսաբանելու, ինչպես ամեն անգամ՝ մենք՝ միայնակ՝ մեր տղերքի հետ. խոնարհ, շնորհակալ: Եվս մեկ անգամ փորձելու ենք խորը գիտակցել, թե նրանց թողած երկրի ո՞ր մասի համար ենք մե՛նք պատասխանատու: Հետո գալու ենք Հրապարակ ու անելու ենք հենց դա՝ երգելու ենք հայկական ժողովրդական երգերը՝ հե՛նց երկրի կենտրոնից:

Երգելու ենք մե՛ր էն երգերը, որոնք տականքները իրենց թուրքերենով երգում են Բերձորում՝ փորձելով գողանալ նաև մեր մշակույթը: Դա էլ մե՛ր կռիվն է:

Ընկերներ, գիտեմ՝ դուք ասում եք՝ համբերե՛ք, ո՛չ հիմա, սպասեք՝ մի քիչ էլ անցնի. ինչպես կարելի է երգել, երբ Եռաբլուրում լռություն է: Գիտեմ, դուք էլ եք ճիշտ, բայց ինչը անցնի՞, ե՞րբ անցնի. ոչինչ չի անցնելու: Մենք ենք անցնելու, իսկ Եռաբլուրի տղերքը հավերժ են…:

Կհանդիպենք Հրապարակում…»:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը բաց նամակ էր հղել Գարիկ Պապոյանին և երգչուհի Սոնա Ռուբենյանին՝ հորդորելով չեղարկել այսօր՝ դեկտեմբերի 31-ին, Հանրապետության հրապարակում նախատեսված ամանորյա տոնական համերգին մասնակցությունը: Պապոյանն արձագանքել էր վերջինիս բաց նամակին՝ նկատելով՝ Հանրապետության տարածքով բոլոր ռեստորանները, հյուրանոցներն ու համերգասրահները այդ օրը նշելու են Ամանորը՝ երգիչներով, մեծ շոուներով, որտեղ գնալու հնարավորություն ոչ բոլոր ընտանիքներն ունեն, իսկ հրապարակի ելույթն անվճար է բոլոր ընտանիքների համար: