Մոսկվան չի ցանկանում տեսնել հաշտության պայմանագրի կնքում Բաքվի ու Երևանի միջև

Ամերիկացի վերլուծաբանները քննարկում են, թե որքանով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված կացությունը կարող է հանգեցնել հայ-ադրբեջանական ռազմական նոր ընդհարումներին, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Վերլուծաբան Ռիչարդ Վեյցը անհավանական չի համարում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական նոր բախման հնարավորությունը ընթացիկ զարգացումների համատեքստում՝ շեշտելով, սակայն, որ այսօր նման զարգացման հավանականությանը կարող են խոչընդոտել ձմեռային եղանակի վատ պայմաններն ու տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես անորոշությունը Իրանում, Թուրքիայի ընտրությունները և պատերազմը Ուկրաինայում:

«Ես հավանական կամ ծրագրած լարվածության նախանշան չեմ տեսնում, սակայն մենք վերջին տարիներին գիտենք, որ ռազմական բախումը կարող է շատ արագ բռնկվել ամեն մի պատճառից»,- ասել է Վեյցը «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում:

Իր հերթին Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակում տեսնում է ռազմական հակամարտության վերսկսման լուրջ սպառնալիք:

«Կարծում եմ, որ այստեղ պատասխանատվությունը միանգամայն ուղղակիորեն Բաքվի իշխանությունների վրա է: Ես տեսել եմ, թե ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում այսպես կոչված ՀԿ-ների ցույցերը, սակայն Ադրբեջանում չկան անկախ հասարակական կազմակերպություններ։ Այդ մարդկանց թույլ չէին տա ցույցեր անել անգամ Բաքվի հրապարակում, եթե նրանք ցանկանային բողոքի ցույց անել բնապահպանական խնդիրների շուրջ»,- պնդում է նախկին դեսպանը «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայության հետ հետ զրույցում:

Նախկին դեսպանը կարևորում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը: Ոչ ԱՄՆ-ի, ոչ ԵՄ-ի, ոչ էլ առավել ևս Ռուսաստանի միջնորդությունը չի կարող տալ այն արդյունքը, որին հնարավոր է հասնել անմիջական երկկողմ շփումների միջոցով, պնդում է Կազլյարիչը:

«Մենք հայտնվեցինք այն իրավիճակում, երբ ռուսները վերահսկում են ամեն ինչ, իսկ մենք այլևս մոտ չենք խաղաղությանն ու այն խնդիրների քննարկմանը, որոնք պետք է կարգավերվեն ուղղակիորեն Հայաստանի և Ադրբեջանի կողմից»,- պնդում է նա:

Ըստ Կազլյարիչի՝ Բաքուն և Երևանը հնարավորություն են տվել Մոսկվային ավելի մեծ դերակատարում ունենալ գործընթացում, իսկ խաղաղապահ առաքելության միանձնյա հանձնումը Ռուսաստանին, նրա խոսքերով, մեծ սխալ էր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար: Ռուսասատանը չի ցանկանում խաղաղություն, շեշտում է նա:

«Այն, որ դա մեծ սխալ էր ավելի ընդգծված դարձավ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցեղասպան ներխուժումից հետո: Նրանք ապացուցեցին, որ չեն կարող խաղալ անկախ խաղաղապահի դեր հարևան երկրում»,- պնդում է Կազլյարիչը:

Ռիչարդ Վեյցը իր հերթին համակարծիք է, որ Մոսկվան չի ցանկանում տեսնել հաշտության պայմանագրի կնքում Բաքվի ու Երևանի միջև՝ ցանկանալով խաղալ լարվածության վրա:

«Նրանք ուզում են ակտիվ և չկարգավորված պահել հակամարտությունը, բայց չեմ կարծում, որ այս պահին ցանկանում են, որ այն բռնկվի։ Նրանք խնդիր ունեն բավարար ուժեր ունենալու հետ, հատկապես հիմա Ուկրաինայում: Չեմ գտնում, որ Մոսկվան այժմ կձգտի ավելի շատ խաղաղապահներ տրամադրել կամ զբաղվել նոր հակամարտությունով»,- պնդում է Վեյնցը:

Վեյնցն ընդգծում է, որ չնայած ռուս խաղաղապահները քննադատության են ենթարկվում երկու կողմերից, Մոսկվան շարունակում է որոշակի առաջնային դեր խաղալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացում, ի տարբերություն արևմտյան տերությունների:

«Անվտանգության խորհուրդի նիստում ամերիկյան կողմը հայտարարեց, որ ԱՄՆ-ը ցանկանում է աջակցել կողմերին միակողմանի, երկկողմանի կամ բազմակողմանի ձևաչափերով, սակայն որևէ կոնկրետ նախաձեռնություն առաջ չի քաշվում»

Նրա կարծիքով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն այսօր ուղղակի առաջնահերթություն չէ Արևմուտքի համար՝ համեմատած մյուս խնդիրների հետ, որոնց հետ այն առնչվում է:

Մանրամասն տեսանյութում