Մեր տնից կրակում են մեզ վրա

Ասե՞մ՝ ինչ է փոխվել։ Առաջ թշնամին իրենց շատ  կրակակետերը տեղադրում էր խաղաղ կյանքով ապրող ադրբեջանական գյուղերում ու այնտեղից գնդակոծում Արցախի Հանրապետության տարածքը։ Այսպես էին մտածում՝ իրենք խաղաղ բնակչության տների հետևում թաքնված  կրակ կբացեն, Արցախն էլ որ պատասխան կրակ բացի, աշխարհով մեկ կանեն՝ տեսա՞ք խփեցին խաղաղ բնակչի կամ երեխայի։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը, հիշում եմ, ասում էր․

«Հիմա, եթե կրակելիս բնակիչների մեջքի հետևում են կանգնում, (խոսքը ադրբեջանցի ասկյարների մասին է) ի՞նչ անենք, չկրակե՞նք: Ադրբեջանի բնակչությունն էլ պետք է քայլեր կատարի:
Ունեցել ենք դեպք, երբ իրենց դիրքերից կրակել են, մենք ճնշել ենք, բնակիչները գերանդիներով բարձրացել են դիրք ու ծեծել դրանց»:

Պատկերացնու՞մ եք իրադրությունը։ Ասկյարների դիրքերը, կրակակետերը իրենց բնակչության տների հետևում էր։ Այնտեղից էին խփում։ Մի օրինակ բերեմ։ 2017-ի հուլիսի 4-ի երեկոյան Ադրբեջանի Ալխանլու գյուղի մոտ տեղակայված Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Արցախի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Փոխհրաձգության ժամանակ մահացել են 52-ամյա ադրբեջանցի կին և 2-ամյա աղջիկ: Ինչքան էլ նրանք աղմկեցին, որ երեխա է սպանվել, խաղաղ բնակիչ է սպանվել, արձագանք չեղավ, որովհետև ադրբեջանցիների կրակակետերը տեղակայված էին  գյուղում՝ տների հետևում ու բնականաբար կրակը պիտի լռեցվեր։

Հիմա Ադրբեջանը մտել է մեր տուն ու մեր տնից է մեզ վրա կրակում։ Կրակակետերը դրել է ոչ միայն հանձնված Արցախի տարածքում,  այլ նաև Հայաստանի սուվերեն տարածքում։ Ու գերագույն հրամանատարը մեր զինուժին  ասում է՝ կրակ չբացեք։ Ու  համոզում է իր թիմին, որոնք իր նման վառոդի ծուխ չեն շնչել, որ դա խաղաղության համար է անում։ Բայց «քուչի կռվողը» անգամ կհասկանա, որ թշնամուն սեփական տնից մի պատճառով չեն վռնդում՝ երբ այդ տունը գրավադրել կամ տանուլ ես տվել․․․ Կա՞ ուրիշ պատճառ, երբ տանդ անդամներին սպանողին դուրս չես վռնդում սեփական տնից ու դերասանություն ես անում, թե իբր օգնություն ես խնդրում։

«Հրապարակ օրաթերթ»