Առանձնահատուկ վերաբերմունք, ուշադրություն ու ջերմություն: Այս ամենն ակնառու է հատկապես հայկական ընտանիքներում, երբ խոսքը երեխաներին է վերաբերում: Արդեն 12 օր շրջափակման մեջ գտնվող Արցախը բազում խնդիրների առաջ է կանգնել: 4 ամսական Արմենը ընտանիքի առաջնեկն է: Մայրը՝ Մարթան, իր մտահոգությունների մասին առաջինը ֆեյսբուքյան քոմենթներում է բարձրաձայնել:
Արմենի մայրը շատերի պես խուճապահար չի լինում: Ստեղծված իրավիճակից ոչ թե չի նեղվում, պարզապես փորձում է ելք գտնել: Կռահում էր՝ մի օր սա լինելու է:
Հոգեբանի մասնագիտությունը, ասում է՝ շատ է օգնում, անգամ ծանոթներին է խորհուրդներով կիսվում: Ոչ միայն հուսադրող խոսքերով, այլ նաև որդու համար նախօրոք ձեռք բերված տակդիրներից է բաժին հանում կարիքավորներին: Չնայած ընդամենը 2 օրվա մանկական կաթնախառնուրդ է մնացել երեխայի համար, բայց չի հուսահատվում:
Արմենի հայրը՝ Մարթայի ամուսինը, 44-օրյա պատերազմին մասնակցել է, 3 անգամ հրազենային վիրավորում ստացել, բայց Շարունակում է ծառայությունը:
Արմենի առաջին Ամանորն է լինելու: Ինչ էլ լինի, ծնողները չեն ուզում աննկատ անցնի: Ճիշտ է, Ձմեռ պապիկին դեռ նամակ չեն գրել, Արմենի երազանքներն ու ցանկությունները թղթին չեն հանձնել, ասում են՝ դեռ ժամանակ կա, կա նաև մեծ հույս, որ Ձմեռ պապը չի ուշացնի Արմենի ու հազարավոր երեխաների ցանկությունների կատարումը:
Մարթան հուսով է, որ դժվարություններն այլևս անցյալում են, իսկ լավ օրերը՝ առջևում: Թող դրանք գան՝ այևս չգնալու պայմանով:
Մանրամասն տեսանյութում