Ֆրանսիան չի կարող ԼՂՀ հայությանը թողնել այնպիսի դիկտատորի քմահաճույքին, ինչպիսին Իլհամ Ալիևն է. Liberation

Ֆրանսիան չի կարող հաշտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 120.000 հայերի վրա ծանրացած մշտական սպառնալիքի հետ,- գրում է ֆրանսիական Liberation թերթը։ Արցախի Հանրապետությունը, որը հիմնականում բնակեցված է հայերով, դարձել է Բաքվի ռեժիմի կազմակերպած շրջափակման զոհը, որն աստիճանաբար խեղդում է նրան։ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետերը Ֆրանսիային և Եվրամիությանը խնդրում են հնարավորինս արագ արձագանքել՝ տրամադրելով աջակցության գործողությունների ծրագիր։

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը նոր շրջադարձ է ստացել՝ կապված Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի փակման հետ։ Մինչև ուրբաթ առավոտ Ադրբեջանն այս շրջափակմամբ դադարեցրել էր գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ՝ դրանով ցույց տալով իր` Հարավային Կովկասի փոքր շրջափակված հանրապետությունը խեղդելու իր ցանկությունը։ Բարեբախտաբար, վատագույնից հաջողվեց խուսափել արևմտյան երկրների միջամտության շնորհիվ, ինչը ստիպեց Բաքվին վերականգնել էներգակիրների մատակարարումները։

Այնուամենայնիվ, իրավիճակը շարունակում է մնալ անտանելի, և Ֆրանսիան չի կարող հաշտվել մշտական սպառնալիքի հետ, որը ծանրացած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որի տարածքի մի մասն այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Ֆրանսիան չի կարող նրանց թողնել այնպիսի դիկտատորի քմահաճությանը, ինչպիսին Իլհամ Ալիևն է, որն արդեն երկու տասնամյակ է՝ նրանց նկատմամբ վարում է ռասայական ատելության քաղաքականություն։