Թուրքիան Ադրբեջանի միջոցով հեղինակազրկում է ՌԴ-ին՝ ցույց տալով նրա անկարողությունը. պատգամավոր

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը պնդում էր, որ Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքը մասամբ է փակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանցիներն այսօր ՌԴ-ին հիշեցրեցին, որ միջանցքը ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ է փակ՝ թուրք դեսպանի «ակցիայի վայրում» հայտնվելը վկա։

Այսօր նույնիսկ ռուս խաղաղապահների մատակարարումն իրականացնող մեքենաների շարասյունն են կանգնեցրել։

Եթե սա նույնիսկ միանգամյա ապտակ է, ապա դա դեռ չի նշանակում, որ հեղինակազրկումը մեկանգամյա է։

Թուրքիան Ադրբեջանի միջոցով նախ հեղինակազրկում է ՌԴ-ին՝ ցույց տալով նրա անկարողությունը, ապա ամրապնդում իր ներկայությունը տարածաշրջանում։

Թե սրան ինչ կառաջադրի Ռուսաստանը, դեռ դժվար է ասել, բայց այն, որ ՌԴ կոշտ միջամտության և Թուրքիային իր տեղը ցույց տալու ժամանակը վաղուց է հասունացել, արդեն բոլորին է ակնհայտ»,-նշում է նա։

(Visited 48 times, 1 visits today)