Առաջարկում են մի քանի հազար դոլար. հումորիստը՝ քաղաքական գովազդներ ստանալու առաջարկների մասին

Սոցիալական հարթակներում իր հետևորդներին «Բիձա» բեմական անվամբ հայտնի դերասան-հումորիստը գրառում է կատարել և հրապարակել լուսանկար, որտեղ գումարով քաղաքական պատվեր կատարելու առաջարկ է ստացել:

Նամակագրության բովանդակությունից պարզ է դառնում, որ վերջինիս առաջարկը առաջին անգամ չէ արվում, ավելի վաղ արված առաջարկը մերժել է: Եվ պատվիրատուները, ենթադրելով, թե հումորիստը ավելի բարձր գին է պահանջում, կրկին դիմել են՝ էլ ավելի կոպիտ կերպով մերժում ստանալով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հումորիստը տեղեկացրեց, որ արդեն մեկ տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում: Նա, անդրադառնալով իր հրապարակմանը, նշեց՝ քաղաքական գովազդներ անելու առաջարկներ միշտ ստացել է, ընդ որում՝ տարբեր ուժերից: Յուրաքանչյուրը տարբեր գներ է առաջարկում՝ այս կամ այն քաղաքական ուժին կամ քաղաքական գործչին իր էջերով գովազդելու համար:

«Առաջարկներ եղել են նաև ընտրությունների ժամանակ ու հիմա էլ պարբերաբար շարունակվում են բոլոր խոշոր քաղաքական ուժերից: Սակայն ուզում եմ շեշտել, որ ես որևիցե քաղաքական ուժի չեմ սատարում: Երբ հարցնում են՝ ո՞ւմ ես սատարում, ասում եմ՝ ընտանիքիս անդամներին, ավելի կոնկրետ՝ հայրիկիս եմ սատարում: Ոչ միայն մերժում եմ նմանատիպ առաջարկները, այլ նաև ցավում եմ, որ նման դեպքեր են տեղի ունենում»,- նկատեց նա:

Քաղաքական ուժի կամ քաղաքական գործիչի մասին հրապարակում կատարելու համար դերասան-հումորիստին պատվիրատուները պատրաստ են վճարել մինչև անգամ մի քանի հազար դոլար: Թե ո՞րն է եղել մինչ օրս ամենաբարձր գինը, որն առաջարկել են, վերջինս չցանկացավ նշել:

«Չեմ ուզում կոնկրետ նշել, թե այս դեպքում որ ուժից եմ ստացել, բայց բոլոր ուժերը մի գնով վաճառվում են: Հնարավոր է, որ շատ վիդեոբլոգերներ կամ դերասաններ ուրախ լինեն նման առաջարկներից, բայց ես խորապես ցավում եմ, որ մեր իրականությունում նման առաջարկներ են լինում»,- նշեց նա:

Ըստ դերասանի՝ ցավալի է նաև, որ քաղաքական գործընթացներում, այսպես ասած, օգտագործում են անչափահաս երեխաներին, որը արվում է հատկապես «Տիկտոկ» ցանցի միջոցով. «Երբ ուսումնասիրում եմ, թե ինչ է կատարվում հայաստանյան «Տիկտոկ»-ում, խոր ցավ եմ ապրում: Հատկապես, որ քաղաքական տարբեր ուժեր երեխաներին օգտագործում են իրենց շահերի համար: Ես ուղղակի պահանջում եմ՝ երեխաներին նման գործընթացներում չխառնել: Սա առաջին հերթին հոգեբանական խնդիր կարող է առաջ բերել նրանց մոտ: Մարդիկ չեն մտածո՞ւմ՝ իրենց երեխան ինչ է անում «Տիկտոկ»-ում»:

Վերջինիս խոսքով՝ այս օրերին հատկապես կարևոր է, որ մարդիկ իրենց միջի բարությունը չկորցնեն և զերծ մնան միմյանց վիրավորելուց. եթե յուրաքանչյուրը իր գործով զբաղվի, ապա ամեն ինչ մեր երկրում հանգիստ կլինի:

«Ես պարզապես ցանկանում եմ՝ այնքան հարստանամ, որ կարողանամ ՀՀ գումար ուղարկել: Մարդկանց «կաշառեմ», որ ընտրակաշառք չվերցնեն, որ փողոց դուրս գալու համար գումար չվերցնեն»,- հավելեց նա: