Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան․ հայտնի է ժամկետը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի, նախնական տվյալներով, կայցելի Հայաստան:

Այդ մասին այսօր Դուշանբեում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում, ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը:

«Մեր օրակարգում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպումն է:

Կա ըմբռնում, որ դա տեղի կունենա երկրորդ կիսամյակում՝ հոկտեմբերից դեկտեմբեր, ժամկետները, բնականաբար, դեռ կհամաձայնեցնենք»,- ասել է Միրզոյանը:

Ակնկալվում է, որ Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի կունենա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նաեւ հայտարարել է, որ մայիսի 16-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցառումների շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները «ոչ պաշտոնական հանդիպում» կանցկացնեն: