ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 26 ռուսաստանցիների, այդ թվում՝ Մարգարիտա Սիմոնյանի, Տիգրան Քեոսայանի և Ռուստամ Մուրադովի դեմ

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի մի շարք խոշոր գործարարների, քաղաքական գործիչների եւ լրագրողների դեմ։

Պատժամիջոցների ցանկում ներառվել են նաեւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն, ՌԴ շինարարության եւ բնակարանային եւ կոմունալ ծառայությունների նախարար Իրեկ Ֆայզուլինը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւը, Դաշնային խորհրդի փոխխոսնակ Անատոլի Տուրչակը։

«Սեւ ցուցակում» են հայտնվել նաեւ «Ռոսնեֆտ»-ի եւ «Տրանսնեֆտ»-ի ղեկավարներ Իգոր Սեչինը եւ Նիկոլայ Տոկարեւը։

Ակտիվների սառեցումը եւ մուտքի արգելքը, մասնավորապես, վերաբերում է Միխայիլ Ֆրիդմանին (Alfa Group, բաժնեմասեր VEON-ում եւ X5-ում) եւ նրա գործընկեր Պյոտր Ավենին, Ալիշեր Ուսմանովին («Մետալոինվեստ», «մեգաֆոն»), Ալեքսեյ Մորդաշովին («Սեվերստալ»), «Լենտա», TUI տուրօպերատորում մասնաբաժին), Գենադի Տիմչենկոյին (բաժնեմասեր «Նովատեկ»-ում եւ «ՍԻԲՈՒՐ»-ում), Ալեքսանդր Պոնոմարենկոյին («Շերեմետեւո» օդանավակայանի համասեփականատեր):

Պատժամիջոցների ենթարկվածների թվում են լրագրողներ Արկադի Մամոնտովը, Անտոն Կրասովսկին, Ռոման Բաբայանը, ինչպես նաեւ Regnum պորտալի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը եւ տնօրեն Տիգրան Քեոսայանը։

Ցուցակում են հայտնվել նաեւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, ՌԴ Սեւծովյան նավատորմի գլխավոր հրամանատարի տեղակալ Սերգեյ Պինչուկը, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Ավդեեւը եւ այլն։

Ընդհանուր առմամբ ցուցակում 26 մարդ է ընդգրկված։