«Սեյրան Օհանյանը Շուշիից առանց նախազգուշացնելու հեռացավ՝ ինձ ու զինվորներին թողնելով միայնակ, առանց կապ ու շրջափակված թշնամու զորքերով»

44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի անկման վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար, 44-օրյա պատերազմի կամավոր Սերժ-Վարագ Սիսեռյանի հետ:

— Պարոն Սիսեռյան, Դուք 44-օրյա պատերազմի ժամանակ ակտիվ մասնակցություն եք ունեցել ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Կհիշե՞ք՝ ի՞նչ վիճակ էր վերջին օրերին, մասնավորապես Շուշիում ինչպիսի՞ն էր դրությունը և ինչպես էր կազմակերպվում քաղաքի պաշտպանությունը։

— Այդ օրերին ընդհանուր անհասկանալի իրավիճակ էր, և ոչ միայն Շուշիում: Տարբեր տեղերից սխալ տեղեկատվություն էր փոխանցվում։ Այսինքն՝ կարծում եմ, որ ԳՇ-ն Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, իշխանությանը կամ սխալ, կամ կիսատ ինֆորմացիա էին փոխանցում։ Ո՞րն էր նպատակը՝ չգիտեմ։ Ասում էին՝ ամեն ինչ լավ է, նորմալ է, բայց իրականությունը տեղում լիովին այլ էր:

Գնալով մեծանում էր փախուստի դիմողների թիվը, բայց չգիտես ինչու, այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության իշխանություններին ամբողջությամբ չէր փոխանցվում։

Նույն իրավիճակն էր նաև Շուշիում։ Ամսի 5-6 ին՝ Շուշիում շատ, թե քիչ մի քանի տասնյակ թվով զինվորներ ու կամավորականներ էին մնացել։

— Ըստ Ձեզ ինչո՞ւ ընկավ Շուշին։ Մինչ օրս հստակորեն ոչ ոք չի ստանձնել Շուշիի պաշտպանության պատասխանատվությունը։ Կա՞ր հասցեական, հստակ պատասխանատու անձ այդ հարցում։

— Այդ հարցը ճիշտ կլինի՝ ուղղեք Սեյրան Օհանյանին, որը այդ օրերին Շուշիի պաշտպանության փաստացի հրամանատարն էր: Սեյրան Օհանյանին մեկը, վերջ ի վերջո, պետք է հարց տա, թե ինչո՞ւ նա նոյեմբերի 5-ի երեկոյան Շուշիից դուրս եկավ առանց նույնիսկ այնտեղ տեղակայված վերջին խմբակներին տեղեկացնելու: Մեր կապը հրամանատարության հետ կտրվեց շատ անհասկանալի ու տարօրինակ ձևով, արդյունքում մենք մոտ 20-30 հոգով, մնացինք միայնակ։ Կարծում եմ՝ կգա օրը, և Սեյրան Օհանյանը ստիպված կլինի պատասխանել Շուշիում լքված զինվորների և կամավորականների հարցերին։