«Ես ակամայից գոռացի իր անունը՝ Նորայր, ու սրտումս մի քանի վայրկյան ծակոց զգացի». ՀԵՐՈՍ ՆՈՐԱՅՐԸ զոհվեց պատերազմի առաջին օրը, սակայն մարմինը գտան 1 տարի հետո

Սյուզի Վարդանյանին այժմ ապրեցնում է որդու տուն-թանգարանի կառուցումը, որտեղ կլինեն որդու նկարները, անձնական իրերը, նկարելու պարագաները։ Որդին՝ 19-ամյա Նորայր Սողոմոնյանը, գեղանկարչությամբ էր զբաղվում, շուրջ 80 նկարների հեղինակ է։ Մոր խոսքով՝ որդին նկարում էր տարբեր ոճերում՝ էսքիզներ, դիմանկարներ, գծանկարներ։

«Նորայրը դեռ կնկարեր, բայց․․․»- հուզմունքով ասում է մայրը ու ցավով նշում, որ որդուն կորցրել է պատերազմի առաջինը օրը։ Մայրը պատմում է՝ պատերազմն սկսվելուց երկու ժամ անց սիրտը կանխազգացել է, որ որդու հետ ինչ-որ բան է պատահել։

«Ես ակամայից գոռացի իր անունը՝ Նորայր, ու սրտումս մի քանի վայրկյան ծակոց զգացի, չհասկացա՝ ինչ եղավ, անհանգիստ էի, փորձեցի իրան զանգեմ, անհասանելի էր»,- հիշում է մայրը ու հուզվում։

Նորայր Սողոմոնյանը հակառակորդի դեմ պայքարել է Ջրականում, պատերազմի առաջին իսկ օրը հայտնվելով շրջափակման մեջ՝ զոհվել է հրազենային հարվածից։

Սյուզին ասում է՝ երբ արդեն որդուց լուր չեն ստացել, հասկացել, որ որդին ողջ չէ, և խնդրել է հարազատներին, որ գոնե որդու մարմինը գտնեն։ Սակայն Նորայրի մարմինն ավելի քան մեկ տարի չի գտնվել, մայրն ասում է՝ որդու փրկված զինակից ընկերները պատմել են, որ Նորայրը զոհվել է, սակայն մարմինը չկար։

«Նորայրիս մարմինը 2021-ի դեկտեմբերի 12-ին ենք գտել, ԴՆԹ-ով հաստատվեց»,- ասում է Սյուզին։

Սյուզիի համար որդու զոհվելուց հետո կյանքը կանգ է առել, ասում է՝ իր մի մասնիկն է կորցրել, մի տղա ու աղջիկ էլ ունի, բայց ոչ մեկը չի կարող լրացնել Նորայրի տեղը։

Նորայրը մինչև բանակ գնալը ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետ։ Մայրն ասում է՝ որդին արվեստասեր էր, սիրում էր և՛ նկարել, և՛ երաժշտություն, սակայն որոշել էր մասնագիտանալ հենց նկարչության մեջ։

Այդ նկարում նկարել էր առանց դեմքի աղջկա, ասում էր՝ անդեմք եմ արել, որ ցանկացած երիտասարդ իր սիրած աղջկան տեսնի ջութակ նվագելիս։ Դեռ մրցանակը մեզ չի հասել, սպասում ենք, մինչև թանգարանի բացումը լինի մեզ մոտ»,- ասում է մայրը։

Սյուզին հույս ունի մինչև ամառ՝ մինչև որդու 22-ամյակը լրանալը, թանգարանի բացումն անել։ Շինարարությունն արդեն մեկնարկել է։

«Մեր բակում է այդ տարածքը, որդիս ցանկանում էր այդտեղ արվեստանոց կառուցել, քանի որ այսպես եղավ, որոշեցի արվեստանոցի փոխարեն թանգարան ստեղծել, հսկա թանգարան է լինելու։ Միակ նպատակս է, որ պատմության մեջ գրվի որդուս թանգարանը։ Հիմա ես միայն դրանով եմ ապրում»,- մորմոքով ասում է մայրը։