Ֆինլանդիան հինգերորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը՝ ուրբաթ օրը հրապարակված Համաշխարհային երջանկության զեկույցում։
Համաշխարհային երջանկության զեկույցը կազմվում է ամեն տարի ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների բաժնի կողմից: Այն գնահատում է աշխարհի 146 երկիր և հաշվի է առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն։ Երջանկության առաջին համաշխարհային զեկույցը հրապարակվել է 2012 թվականին։
Ամենաերջանիկ երկրների տասնյակում ներառվել են նաև Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը և Նոր Զելանդիան։ ԱՄՆ-ը 16-րդ տեղում է (2021-ին՝ 14-րդ), Մեծ Բրիտանիան՝ 17-րդ (2021-ին՝ 18-րդ), Ֆրանսիան՝ 20-րդ (անփոփոխ):
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունեն Լիտվան և Էստոնիան՝ համապատասխանաբար 34-րդ և 36-րդ, Ղազախստանը՝ 40-րդ, Լատվիան՝ 42-րդ, Ուզբեկստանը՝ 53-րդ, Մոլդովան՝ 62-րդ, Ղրղզստանը՝ 64-րդ, Բելառուսը՝ 65-րդ, Թուրքմենստանը՝ 78-րդ հորիզոնականներում։ Ռուսաստանը՝ 80-րդ (2021-ին՝ 60-րդ), Հայաստանը՝ 82-րդ, Տաջիկստանը՝ 83-րդ, Ադրբեջանը՝ 92-րդ, Ուկրաինան՝ 98-րդ, Վրաստանը՝ 105-րդ հորիզոնականներում են։
Ըստ ՄԱԿ-ի` ամենադժբախտ երկրները Աֆղանստանն ու Լիբանանն են։