«Վերջերս թուրքերն ավելի հաճախ են խոսում հայերի հետ բարեկամությունից և խաղաղությունից, իսկ սա միայն մեկ բան է նշանակում՝ պատրաստվեք պատերազմի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ազատամարտիկ, «Ատան» ռազմական ավանի Շտաբի պետ Եփրեմ Մարգարյանը՝ արձանագրելով, որ Սյունիքում՝ Ներքին Հանդի մոտ դիրքային առաջխաղացումը եւս խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը կրկին, առանց մեկ կրակոցի, հերթական բարենպաստ դիրքն է վերցրել, ճիշտ այնպես, ինչպես եղավ Երասխի և հարավային ուղղությամբ մնացած դեպքերում։
«Եթե ՊՆ-ից էլ ասում են, թե այդ տեղանքն իրենցն է եղել, իրենք էլ եկել նստել են, ուրեմն խոսքը 1970 թվականի քարտեզի մասին է, որն էլ, հավանաբար, հիմք ընդունելով, թշնամին եկել ու լուռ տեղավորվել է։ Ուշադիր կարդացեք հինգը կետից բաղկացած ադրբեջանական կողմի հրապարակած խաղաղության տեսլականը»,- ընդգծել է ազատամարտիկը։
«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերը առաջացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հատվածում՝ շուրջ 1 կմ։ Տեղանքից հստակ դիտարկվում է ոչ միայն գյուղն ամբողջությամբ, այլ նաև՝ Կապան-Ճակատեն-Մեղրի այլընտրանքային ճանապարհը, ինչպես նաև՝ նշանառության տակ է հայտնվել գյուղի գերեզմանատունը։
Ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը նկատում է՝ այսօրինակ դեպքերը միայն մեկ բանի մասին են հուշում՝ առաջնորդվելով սովետական վերոհիշյալ քարտեզով, ադրբեջանական կողմը հաստատվում է հնարավոր բոլոր բարենապաստ դիրքերում. «Հիմք ընդունելով 1970 թվականի քարտեզը, ապագայում տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, թուրքն, առանց մեկ կրակոցի, հեշտությամբ կվերցնի իր համար կարևորություն ներկայացնող բոլոր տարածքներն ու ստրատեգիական նշանակության բարձրունքները, հետագայում սահմանագծման և տարածքային ամբողջականացման ճանաչման ընթացքում մաքսիմում բարեհաջող նոր քարտեզ գծելու հեռանկարով։ Առաջնորդվելով սեփական պետության շահով, այսպես կոչված խաղաղության գնալուց առաջ, Ադրբեջանը մաքսիմում կորսի այն, ինչին ձգտում է։ Իսկ մենք՝ նրանց տեղում այդպես չէի՞նք վարվի…»։
Հարցին՝ ի՞նչ հնարավոր խնդիրների առաջ ենք հայտնվում մենք, եթե վերջին տեղակայմամբ, փաստորեն, թշնամու վերահսկողության տակ է անցնում նաեւ Սյունիքի այլընտրանքային ճանապարհը, կա արդյո՞ք վտանգ, որ ռազմական հնարավոր գործողությունների ընթացքում, Սյունիքը հեշտությամբ կարելի է կտրել Հայաստանի այլ մարզերից, Եփրեմ Մարգարյանը պատասխանում է. «Ստրատեգիական նկատառումներից ելնելով, բոլոր այն ստորաբաժանումներն ու զորամիավորումները, որոնք տիրապետում են տեղանքի կոմինուկացիոն հատվածներին, զգալի առավելություն են ձեռք բերում։ Այս տեսակետից, իհարկե նկատառումը տեղին է, իրավիճակը՝ խիստ վտանգավոր է հայկական կողմի համար»։
Ազատամարտիկը նկատում է՝ այսպիսի դեպքերը բացառելու համար գոյություն ունեն ՀՀ Զինված ուժեր, ռուս խաղաղապահ ուժեր և այլն.«Թող թույլ չտան, թշնամին էլ կամայական լկտիություններ չի անի։ Պարզ ասեմ՝ թշնամին տեսել է մարդ չկա, վերահսկողություն չկա, եկել նստել է։ Այստեղ ուզում եմ խոսեմ նաև մարդկային անտարբերության մասին և հարցնեմ՝ Սյունիքում ապրող մարդիկ ի՞նչի մասին են մտածում, Սյունիքում կա՞ն արդյոք ինքնապաշտպանական կամավորական ջոկատներ, թե թուրքից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա, նստած իրենց տներում կենաց են խմում՝ գործներս լավ լինի, մնացածը՝ հեչ… Ի՞նչ կարող եմ ասել՝ հնձում ենք այն, ինչ ցանել ենք։ Ազգիս կեսը մտահոգված չէ իր քթի տակ հասած պատերազմի վտանգով, այնինչ, պատերազմն արդեն իսկ մտել է իրենց տներից ներս։ Էլ ի՞նչ պետք է պատահի, որ այս մարդիկ ուշքի գան»։
Ավարտելով զրույցը, Եփրեմ Մարգարյանը նկատում է՝ Ուկրաինայում ռուսական կողմի կտրուկ թուլացումը Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում թուրք- ադրբեջանական տանդեմի համար ռազմական բախումների վերսկսման հիանալի առիթ կարող է հանդիսանալ։ Դրանով նրանք տարածաշրջանում կբարձրացնեն սեփական ազդեցության հնարավորություններն ու հեղինակությունը։ Ըստ վերջինիս դիտարկման, հնարավոր է խորը, մասշտաբային պատերազմ չսկսվի, բայց որ թշնամին առանց որևէ խոչընդոտի կվերցնի իր համար հնարավոր բոլոր բարենպաստ տարածքներն ու դիրքերը, սա չի քննարկվում։
Աղբյուր` Փաստինֆո