ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության հայտարարությունը՝ հայ զինվորի մահվան առնչությամբ

«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը անդրադարձել է մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հրազենային մահացու վիրավորում ստացած հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահվան հետ կապված միջադեպին:

ԵԱՀԿ-ում ամերիկյան դիվանագիտական առաքելության մշտական ներկայացուցչի տեղակալ Քորթնի Օստրիանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է.

«Միացյալ Նահանգները սգում է մարտի 7-ին հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահը:

Այս ողբերգական մահը, որից հնարավոր էր խուսափել, ընդգծում է ավելի մեծ զսպվածության, վիճելի սահմանային տարածքներում ուժերի միջև միմյանցից հեռու մնալու և դիվանագիտական ներգրավվածության անհրաժեշտությունը՝ բոլոր չլուծված հարցերին համապարփակ կարգավորում տալու համար:

Մենք կողմերին կոչ ենք անում առաջընթաց գրանցել հումանիտար հարցերում, ինչպիսիք են մնացած բոլոր կալանավորների լիակատար ազատ արձակումը, անհետ կորածների ճակատագրի բացահայտման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, մարդասիրական ականազերծումը և մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննությունը:

Միացյալ Նահանգներն այս տարի 5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում հակամարտություններից տուժած բնակչությանն աջակցելու համար: Միացյալ Նահանգները հետագայում ևս հավատարիմ է մնում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելուն»: