Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն էր 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։ ՀԱԿ-ի կարծիքով՝ ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական դատարան կազմավորելու խնդիրը պետք է լուծվի, առանց որի անհնար է կառուցել ժողովրդավարական երկիր։
Առաջիկա հանրաքվեի, նախկին իշխանավորների քննադատության, «Ոչ»-ի ճակատի լինել-չլինելու մասին Araratnrews.am-ը զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ։
Մանուկյանը գործող ՍԴ-ն հակաօրինական է համարում։ «Այս ՍԴ-ն ու Սահմանադրությունը լեգիտիմ չեն։ Մենք մեր հայտարարության մեջ հստակ հայտնել ենք մեր դիրքորոշումը։ Այո, մենք կողմ ենք հանրաքվեին»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը, միաժամանակ նշելով, որ բնական է համարում նախկին իշխանական ուժերի քննադատությունը, դեմ լինելն ու հակաքարոզչությունը. «Նախկիններն, իհարկե, պետք է քննադատեն, որովհետև զրկվել են իրենց կերակրատաշտից, իրենց բոլոր հնարավորություններից։ Եվ, որպեսզի այս խնդիրը լուծվի` կանցկացվի հանրաքվե, և ժողովուրդը կորոշի ելքը։ Այս հարցի լուծման իրավունքը տրված է ժողովրդին»։
ՀԱԿ փոխնախագահը «Ոչ»-ի ճակատ ձևավորել-չձևավորելու հետ կապված զավեշտ ու հակասություն է տեսնում։ Ընդդիմադիր որոշ գործիչների և նախկինների` Հանրաքվեին դեմ լինելը, բայց կոնկրետ գործողություններ ձեռք չառնելը Արամ Մանուկյանի համար անհասկանալի են. «Անտրամաբանական է։ Ստացվում է՝ իրենք դեմ են, բայց դեմ չեն աշխատելու։ Ծիծաղելի է։ Նորից եմ ասում՝ ժողովուրդը կորոշի։ Ժողովուրդն ազատ է իր ընտրության մեջ։ Ժողովրդից բարձր իշխանություն գոյություն չունի»։