Փաշինյանը՝ որպես մանիպուլյատոր, փորձում է իր «ուսերից գցել» խնդիրն ու ներկայացնել, թե ՌԴ-ն դեմ է ոչ թե իրեն, այլ ժողովրդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փչացրել, զրոյացրել է հայ-ռուսական հարաբերությունները: Նա իր ապաշնորհ քաղաքականությամբ հասավ նրան, որ մենք դարձել ենք մերժված ոչ միայն ՀԱՊԿ-ում, այլ ամեն տեղ: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանը՝ որպես մանիպուլյատոր, փորձում է իր «ուսերից գցել» խնդիրն ու ներկայացնել, թե ՌԴ-ն դեմ է ոչ թե իրեն, այլ ժողովրդին: «Մեր ժողովուրդներն իրար հետ խնդիր չունեն: Մեր դաշնակցի հետ խնդիրն ստեղծել է ինքն ու իր ապաշնորհ իշխանությունը, երբ դեռևս 2016-ին ասում էր, թե պատերազմը պայմանավորված էր և տեղի է ունեցել ՌԴ-ի համաձայնությամբ, երբ ասում էր՝ ԵԱՏՄ մտել ենք շանտաժով, և ԵԱՏՄ-ն Հայաստանի ադրբեջանացում է»,-ասաց նա՝ նշելով, թե այդ ամենը անհետևանք չի մնում:

Անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները նշում են, որ Թուրքիան ՀՀ-ի վրա չի հարձակվի, Շարմազանովը նախ նշեց, թե նրանք չպետք է ստանձնեն Թուրքիայի փաստաբանի դերը:
Yerevan.Today | Պարոն Փաշինյան, էս ի՞նչ ես ...

«Եթե Թուրքիան չի էլ հարձակվի, ապա չի հարձակվի միայն մի պատճառով. դեռևս ընդդիմադիր եղած շրջանում իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ ակցիաներ էին անում հայ-ռուսական դաշնակցության դեմ, հակառուսականություն էին քարոզում, ես ասում էի՝ Հայաստանի անվտանգության ամենակարևոր երաշխիքներից մեկը, Թուրքիային զսպող հիմնական երաշխավորները՝ բացի մեր ազգային բանակից, նաև ռուսական 102-րդ ռազմաբազան է և մեր ներկայությունը ՀԱՊԿ-ում»,-ասաց նա՝ նշելով նաև, թե Թուրքիան, իհարկե, սպառնալիք է:

Նրա խոսքով՝ իշխանությունը շարունակում է քաղաքական ռեպրեսիաները: «Ակնհայտորեն տեսնում ենք իշխանության ձեռքը ԲՀԿ-ն թուլացնելու կամ քանդելու ուղղությամբ: Հանրապետականներին առնչվող շինծու քրգործեր են սարքվում»,- նշեց նա:

(Visited 22 times, 1 visits today)