Ես չեմ կարդացել Նարեկացի, բայց ես կարդացել և տպավորվել եմ Մուրացանի «Գևորգ Մարզպետունիով», և ես ինձ ամենազտարյուն հայ եմ համարում

Բարի երեկո ընկերներ, եկել եմ ասեմ, որ հետևելով գրականության շուրջ վերջերս ծավալված դիսկուրսին՝ հանգել եմ այն մտքին, որ չարժե խորանալ թեմայի մանրամասնությունների մեջ, քանզի արհեստականությունն ի սկզբանե ակնհայտ էր: Սակայն, չէի կարող չանդրադառնալ Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի վերաբերյալ արված «եթե չես կարդացել, Հայ չես» անտրամաբանական մեկնաբանություններին։ Ինքս չեմ կարդացել տվյալ ստեղծագործությունը։ Գու՞ցե սխալ եմ, բայց ունեմ անհաղթահարելի կոմպլեքս՝ կապված կոնկրետ «ողբերգություն» բառի և չկարդալու դեպքում Հայ չլինելու ոմանց «հիմնավորումների» հետ: Խնդիր ունեմ «ողբ» բառի հետ, չնայած տեղյակ եմ, որ պոեմը շոշափում է համամարդկային արժեքներ։ Այդ բառը, կարծես, դաջած լինեն մեր ճակատագրին։ Եվ ժամանակը ցույց է տալիս, որ մենք բավականին լավ հաջողել ենք այդ բառը բառի բուն իմաստով դարձնել մեր ինքնությունը:

Ես չեմ կարդացել Նարեկացի, բայց ես կարդացել եմ Խոսե Օրտեգա Ի Գասսետի «Զանգվածների ապստամբություն» աշխատությունը, որտեղ հեղինակը՝ գիտակցելով ժամանակի բարձրությունը, և մտորելով Խորխե Մանրիկեի «անցյալն ավելի կարևոր է, քան ներկան» մտքի շուրջ՝ արձանագրում է, որ այս մտածելակերպը ձևավորել է մի արատավոր շղթա, որը մարդուն միշտ հետ է քաշելու և թույլ չի տալու իրապես գնահատել այսօրվա օրը։ Որովհետև այսօր մարդը, առնչվելով առօրյա խնդիրերի հետ, մտածում է և միշտ մտածելու է, որ երեկ ավելի լավ էր քան այսօր, իսկ վաղը անելու է նույնը:
Ես միշտ փորձել եմ գնահատել ներկան՝ չուրանալով անցյալը, բայց միաժամանակ չֆետիշացնելով այն:

Հետագայում կարդացել եմ Վոնեգութի «Սպանդանոց համար հինգ» վեպը, որտեղ հեղինակը մեզ առաջարկում է ժամանակին նայել այնպես, ասես այն մի քարքարոտ լեռների շղթա է։ Այսինքն փորձել նայել, ոչ թե լեռան գագաթին, այլ տեսնել շղթայի գագաթների վրայով:
Ես միշտ փորձում եմ հետևել այդ սկզբունքին և օձիքիցս բռնած ինքս ինձ հանել առօրյա հնամոլությունից և առավել հավասարակշռված տեսնել խնդիրները։

Այս երկու կարծիքը իր հայտնի Սթենֆորդյան ելույթում հստակեցրել և նոր փայլուն ձևակերպումներ է տվել Ջոբսը՝ սահմանելով մարդու կյանքի ընթացքի, վարվելաձևի և մտածողության ճշմարիտ սկզբունքներ:
Առաջինը. «Դուք չեք կարող միացնել կետերը՝ նայելով առաջ, դուք կարող եք դա անել՝ նայելով հետ: Ուստի, ձեզ մնում է միայն հավատալ այն կետերին, որոնք ապագայում ինչ-որ կերպ կհատվեն։ Դուք պետք է հավատաք ինչ-որ բանի՝ ձեր բնավորությանը, ճակատագրին, կյանքին, կարմային և այլն: Այսպիսի մոտեցումը երբեք ինձ չի հուսախաբել և այն վերափոխել է իմ կյանքը»։
Երկրորդը. «Երբեմն կյանքը աղյուսով հարվածում է ձեր գլխին: Մի կորցրեք ձեր հավատը: Ես համոզված եմ՝ միակ բանը, որ թույլ տվեց ինձ շարունակել աշխատել այն էր, որ ես սիրում էի իմ աշխատանքը։ Դուք պետք է գտնեք այն, ինչ սիրում եք: Դա ճիշտ է ինչպես ձեր աշխատանքի, այնպես էլ փոխհարաբերությունների համար: Ձեր աշխատանքը լցնում է ձեր կյանքի մեծ մասը, և բավարարված զգալու միակ ուղին այն է, որ դուք հավատաք, որ ձեր արածը մեծ գործ է: Իսկ մեծ գործ անելու միակ տարբերակն այդ գործը սիրելն է: Եթե դեռ չեք գտել այն, ապա շարունակեք որոնելը: Կանգ մի առեք»։
Երրորդը. «Ձեր ժամանակը սահմանափակ է, ուստի մի վատնեք այն՝ ապրելով մեկ ուրիշի կյանքով: Մի ընկեք դոգմայի թակարդը՝ ապրելով այլ մարդկանց մտածողության արգասիքով։ Թույլ մի տվեք, որպեսզի ուրիշների կարծիքների աղմուկը խլացնի ձեր ներքին ձայնը: Եվ, ամենակարևորը, քաջ եղեք՝ հետևելու ձեր սրտին և ինտուիցիային, որոնք ինչ-որ եղանակով արդեն գիտեն, թե ինչ եք ցանկանում դառնալ իրականում: Մնացած ամեն բան երկրորդական է։
Կրկնում եմ՝ առաջ նայելով դուք չեք կարող բոլոր կետերը միացնել, դուք դրանք կարող եք միացնել միայն հետ նայելով։ Այդ պատճառով դուք պետք է վստահեք այդ կետերին եւ հավատաք, որ ապագայում դրանք ինչ-որ կերպ կմիանան իրար։ Դուք պետք է հավատաք ինչ-որ բանի, ձեր բնավորությանը, ճակատագրին, կյանքին, կարմային։ Հավատը առ այն, որ ապագայում կետերը կմիանան իրար, ձեզ խիզախություն կտա հետևել ձեր սրտին, անգամ եթե ձեր սիրտը շեղում է ձեզ որակյալ տրորված արահետից: Այսպիսի մոտեցումը երբեք ինձ հուսախաբ չի արել, և իմ կյանքի շատ ձեռքբերումներով ես պարտական եմ դրան»։

Կթվա՝ այս ամենը կապ չունի Նարեկացու հետ, սակայն վերը նշված մտքերից յուրաքանչյուրն իր ճշմարտացիությամբ և իմաստությամբ մխրճվել է ուղեղիս մեջ և ձևավորել իմ ներսում որոշակի սկզբունքներ։ Կարող եմ ասել, որ չեմ սխալվել, քանզի հիմա հետ նայելով, փաստում եմ, որ մենք միշտ մեթոդաբանական սխալներ ենք թույլ տվել, երբ ներկան փորձել ենք հասկանալ անցյալի փորձով, որովհետև ժամանակը լղոզել է նախկինում եղած խնդիրների իրական դրդապատճառները։ Մենք պետք է գործենք ճիշտ հակառակ սկզբունքով՝ ներկայի փորձառությամբ հասկանանք անցյալի խնդիրների խորքը և տեսնենք ապագան:

Ես չեմ կարդացել Նարեկացի, բայց ես կարդացել և տպավորվել եմ Մուրացանի «Գևորգ Մարզպետունիով», և ես ինձ ամենազտարյուն հայ եմ համարում։

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքով՝

#ՕմարիԱրծիվ

նավակ Ճոճողը

(Visited 43 times, 1 visits today)