Բրավո, շնորհավորում եմ, դուք լու՞րջ եք վերաբերվում նման կարգի նշանակումներին․ Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին լրագրողը հարց հնչեցրեց, թե ինչ վերաբերմունք ունի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հրաժարականի շուրջ։ Լրագրողը նշեց, որ շրջանառվում է նաև պաշտպանության նոր նախարարի անունը, ով Արշակ Կարապետյանն է։

Հարցին ի պատասխան՝ Քոչարյանն ասաց․

«Բրավո, շնորհավորում եմ, մենք շատ արագ ունենալու ենք մարտունակ բանակ։ Դուք լու՞րջ եք վերաբերվում նման կարգի նշանակումներին։ Նույն «կարտերի կալոդը» այսպես խառնում են ու այդ «կալոդից» ինչ–որ դեմքեր են քաշում»,- ասաց Քոչրայանը։

Երկրորդ նախագահը նշեց, որ նման կարգի փոփոխություններին պետք չէ լուրջ վերաբերվել, քանի որ, իր գնահատմամբ, դրանք ոչ թե մտածված ու լուրջ նպատակներ հետապնդող փոփոխություններ են, այլ «փոփոխություն` փոփոխության համար»։

«Նույն կադրային բանկով ինչ–որ վերափոխումներով իմիտացիա ստեղծել, թե ինչ–որ բան ենք անում»,– ասաց նա։

Նշենք, որ նույն հարցազրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասել էր․

«Այն, ինչ կատարվում է այսօր սահմաններում, մի մեծ պատկերի մի փոքր հատված է։ Երասխի դեպքերից հետո մենք ոնց որ մոռացել ենք, որ կա Սև լիճ և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ։ Սա տրամաբանական շարունակությունն է այն ամեն ինչի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան ժամանակահատվածում։

Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք, արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն չունենք և ցանկություն չունի երկիրը, և Ադրբեջանն իր օրակարգն առաջ է տանելու՝ նման կարգի դրսևորումներով։ Ուղղակի չեմ զարմանում։ Կզարմանայի, եթե այդ ամենը չլիներ։

Ադրբեջանի նպատակն ի սկզբանե եղել է Ղարաբաղի ամբողջությամբ զավթումը։ Ռուսական կողմի միջամտության պատճառով այդ ծրագիրը մնաց կիսատ։ Հիմա փորձելու են տարբեր ճնշումներով հասնել իրենց նպատակին։ Նույնիսկ ես կառաջարկեի մեկ այլ անկյան տակ այս ամեն ինչը դիտել։ Ակնհայտ է, որ մեր ժողովրդի մի զանգված սարսափած է նոր պատերազմի վտանգով։

Եվ կարծում եմ՝ այս հանգամանքը էական նշանակություն ունեցավ նաև ընտրությունների արդյունքների վրա։ Ոնց որ մենք ընդունել ենք մեր պարտությունը և չենք ակնկալում և չենք ուզում որևէ քայլ անի այս իշխանությունը, հանկարծ նոր կոնֆլիկտ չհրահրվի։ Պարտվողական հոգեբանություն է այսօր տիրում, ցավոք, մեր ժողովրդի մի մասի մոտ։ Եվ կարող է լինել ուղղակի հետևյալը՝ նման կարգի պրովակացիաներից հետո ստեղծվում է մի վիճակ, որ ևս նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը շատ մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը։

Այսինքն՝ հասունացնել մի վիճակ, երբ նման փաստաթղթի ստորագրումը ընդունվելու է որպես ոչ թե դավաճանություն, այլ որպես փրկություն։ Մենք արդեն մեկ անգամ տեսել ենք, երբ հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահի առաջարկը մերժվեց, և հիշում եք, թե ինչպիսին էր բացատրությունը վարչապետի կողմից, որ ինձ կհամարեին դավաճան։ Քիչ ժամանակ անց՝ նոյեմբերի 9-ին այդ դավաճանը փոխվեց փրկիչով։

Ստորագրելով այդ կապիտուլյացիայի հայտարարությունը՝ ներկայացվեց որպես փրկություն։ Ուրեմն պետք էր հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ, Շուշիի, Հադրութի կորուստ և դու հնարավոր դավաճանից դարձվում ես շատ կոնկրետ փրկիչ։ Սա պլանավորված պարտության տեխնոլոգիա է։ Իմ տպավարությունն է, որ այսօր, հիմա նման մի պրոցեսի մեջ ենք»,- ասել է նա։

(Visited 35 times, 1 visits today)