ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրացույց․ 1998թ, 8-ը փետրվարի. Հայшստանnւմ թուրք գործшրարներին հшնգստшցնում է Ռ. Քոչարյանը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրացույց․ 1998թ, 8-ը փետրվարի. Հայաստանում թուրք գործարարներին հանգստացնում է Ռ. Քոչարյանը

 

Կենտրոնական Բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը 1998-ի այս օրերին հրաժարական ներկայացրածներից մեկն է: Պարոն Ասատրյանն ասում է, որ իր վրա ճնշումներ չեն եղել:

Հայ եւ թուրք գործարարների 1998-ի այս օրերին ձեռք բերված համաձայնությունը սենսացիոն է՝ Ստամբուլի առեւտրաարդյունաբերական պալատը պատրաստ է տրամադրել պահանջվելիք գումարը Վանա լճի Աղթամար կղզու վրա գտնվող հայկական եկեղեցին վերականգնելու համար: Թուրք գործարարների Հայաստանում գտնվելու ընթացքում իշխանություն է փոխվում: Նրանք մտահոգված են: Նրանց հանգստացնում է վարչապետ Ռոբերտ Քոչարյանը՝ հարեւան պետությունների հետ հարաբերություններ կլինեն: Մխիթարված թուրքերը Քոչարյանին են նվիրում հայ-թուրքական երգերի լազերային ձայնասկավառակ:

Իսլամական հեղափոխության 20-ամյակի առիթով Հայաստանում Իրանի դեսպանատանը 1999-ի փետրվարի 8-ին ընդունելություն է: Այս օրերին Իրանը Հայաստանում դեսպան չունի: Ամբողջ քաղաքական էլիտան այստեղ է, ներառյալ Կարեն Դեմիրճյանը: Նույն օրը նույն առիթով Կապույտ մզկիթում բացվում է իրանական մշակույթի կենտրոնը, որտեղ նկարահանումներն արգելվում են :

1999-ի փետրվարի 8-ին ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը համոզված է, որ ինչպես 96-ին, այնպես էլ այսօր կարող է ժողովրդին ոտքի հանել: Առջեւում խորհրդարանի ընտրություններն են: Վազգեն Մանուկյանին դեռ հանգիստ չի տալիս մեկ տարի առաջ իշխանությունից հեռացած Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի ներկայացուցիչներն են իշխանության մեջ մնացած Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:

2000-ի փետրվարի 8-ի խորհրդարանի նիստը պատգամավորներից ոչ մեկին գրեթե չի հետաքրքրում: Մի շարք օրինագծերի քվեարկությունը չէր կայանում, դահլիճում ներկա էր 20-30 պատգամավոր: Մնում է մեկ տարբերակ՝ նշանակել քվեարկության ժամ: Պատգամավորներն, իհարկե, ներկայացան տասնյակ օրինագծերի քվեարկությանը, չներկայացողների փոխարեն էլ ներկաներ կային: Իշխանությունները բժիշկներին դարձրել են կենդանի մեռելներ:

2000-ի փետրվարի 8-ին այս համոզմունքին են անփող եւ անբենզին մնացած «Շտապ օգնություն» կայանի բոլոր աշխատակիցները: Այսօր էլ նրանք չեն կարող դուրս գալ աշխատանքի: Բենզին չկա: Մինչեւ փետրվարի 14-ը բժիշկները պատրաստ են դիմանալ: Նրանց հետ լեզու պետք է գտնի քաղաքապետի տեղակալը: Լիովին ֆինանսավորում, սակայն հնարավոր չէ:

Պարարվեստի միության հարյուրավոր անդամներ 2001-ի փետրվարի 8-ին շարժվում են Ֆրանսիայի դեսպանատուն: Այդ երկրի խորհրդարանը օրենքի ուժ է հաղորդել հայերի ցեղասպանության դատապարտմանը: Պարարվեստի միության նախագահն ընդունում է, որ հայ երեխաներն անգիտակցաբար են ողջունում Ֆրանսիայի արածը, բայց, ոչինչ, կմեծանան, կգիտակցեն: Մշակույթի նախարարության ներկայացուցիչը ոգեւորված Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին անվանում է Հակոբ Շիրակյան:

2001-ի այս օրերին Երեւանի հիվանդանոցներից մեկում 10 րոպեի տարբերությամբ ծնվում են Ժակը եւ Շիրակը: Գեղարքունիքցի այս ընտանիքի մեծ որդուն էլ տան մեծերը նմանեցնում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Դեռեւս 20-րդ դարավերջին ընդհատված ԱԺՄ համագումարը շարունակվում է 2001-ի փետրվարի 8-ին: ԱԺՄ-ում կռիվ է ընկել, մի թեւն ուզում է դառնալ կոշտ ընդդիմություն Ռոբերտ Քոչարյանին, մյուս թեւն ուզում է համագործակցել նրա հետ: Վարչության ընտրությանը իշխանամետները հաղթում են ընդդիմադիրներին : Ընդդիմադիրներն ինքնաբացարկ են ներկայացնում եւ հեռանում կուսակցությունից հընթացս դիմելով Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը համաձայն չէ, որ իր թեւն իշխանամետ է:

2008-ի փետրվարի 8-ին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում: Ինչպես ասում են՝ ասեղ գցելու տեղ չկա: Մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը 2013-ի այս օրերին արդեն քայլում է, շփվում եւ նույնիսկ դուրս գալիս հիվանդանոցից: Մահափորձից հետո նա հայտարարել էր, որ իր վրա կրակողը սլավոնական արտաքին ուներ: Երկու ձերբակալված կա՝ զտարյուն հայեր: Ձերբակալվածներին ինքը չի ճանաչում: Եվ մի պահ մտադիր է եղել այսօր հանել իր թեկնածությունը, քանի որ չի կարողանում հանդիպել ընտրողների հետ: Գուցե ընտրությունները հետաձգեն: