Տանզանիայի որոշ ցեղերի շրջանում գործում են սովորույթներ, որոնք, մեղմ ասած, ուղղակի անհնար են դարձնում կանանց արժանապատիվ գոյությունը։ Դրանցից մեկը ստիպում է կնոջը ուղղակի մեկընդմիշտ ենթարկվել ամուսնուն ու անգամ չմտածել կարծիք հայտնելու մասին։ Սրա արդյունքում ցեղերում առաջ են գալիս այլ սովորույթներ, որոնց գոյությունն ուղղակի տարօրինակ է քաղաքակիրթ աշխարհի համար։
Ամեն ինչ սկսվում է վաղ մանկությունից, երբ աղջիկ երեխային ուղղակի սովորեցնում են, որ նա պետք է ենթարկվի իր հայրիկին, ու նրա կարծիքն իր համար պետք է լինի առաջնային։ Այսպես մեծանալով՝ տարիներ անց հայրը աղջկան իր ընտրությամբ ամուսնացնում է որևէ հարմար թեկնածուի հետ, որից հետո հորը ենթարկվող աղջիկը սկսում է արդեն ամբողջովին ենթարկվել փեսային։
Քանի որ Տանզանիայում տղամարդկանց կյանքի միջին տևողություը չափազանց կարճ է, յուրաքանչյուր աղջիկ պետք է վստահ լինի, որ ինքը ինչ-որ պահի դառնալու է այրի, ու այստեղից էլ հենց սկսելու են նրա իրական տանջանքները։ Այն այրիները, ովքեր չեն հասցրել իրենց ամուսնու համար որդի ունենալ, ուղղակի զրկվում են ամբողջ կարողությունից ու մնում լրիվ մենակ իրենց խնդիրների հետ։ Պատկերացրեք այն կանանց վիճակը, ովքեր ունեցել են մի քանի աղջիկ. նրանք ստիպված են առանց որևէ կարողության մեծացնել այդ աղջիկներին։
Այսպիսի խնդիրներից խուսափելու համար տարիներ առաջ Տանզանիայում սկսեցին մտածել, թե ինչ ելք կարող են գտնել այս տեսակ իրավիճակներից, ու ելքը դարձավ ակնհայտ. նրանք պետք է երկրորդ անգամ ամուսնանան… կնոջ հետ։ Ինչո՞ւ կնոջ, որովհետև Տանզանիայում իրեն հարգող ոչ մի տղամարդ չի ցանկանում գործ ունենալ մի կնոջ հետ, ով որդի չի ունեցել՝ վստահ լինելով, որ այդպիսի կանայք անպտուղ են։
Կնոջ հետ ամուսնությունից հետո այրիացած կինն ամբողջովին պահպանում է իր ունեցվածքը։ Բացի այդ՝ նա չի կաշկանդվում տղամարդու հետ հարաբերություններում։ Նա կարողանում է հանգիստ կապ հաստատել այն տղամարդու հետ, ում որ հավանում է և նրանից որդի ունենալ, որից հետո նրան հասարակությունում ավելի հարգանքով են վերաբերվում։
Որպես կանոն, երիտասարդ այրին ամուսնանում է մեծ կնոջ հետ, ով արդեն որդի ունի, ու ինքն էլ ունի ունեցվածքը պահելու խնդիր։ Սրա արդյունքում շահում են նաև աղջկա հարազատները, ովքեր իրենց աղջկա ապագա կնոջից մի քանի կենդանիներ են վերցնում՝ որպես իրենց աղջկա «գին»։ Սա հատկապես օգնում է երիտասարդ այրուն ամբողջ կյանքում ազատվել տղամարդուն լսելու բեռից ու իր կնոջ հետ հանգիստ ապրել՝ չմտածելով նրան ենթարկվելու մասին։
Մեր օրերում Տանզանիայում այսպիսի ամուսնությունները համարվում են լրիվ օրինական, որովհետև շատերը գիտեն, թե դրանցով ինչ խնդիր են լուծում այրիացած կանայք։ Գնալով այսպիսի ամուսնությունների թիվը դառնում է ավելի մեծ, ու ամուսնություններն էլ՝ ավելի սովորական։