ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նախօրեին որոշում է կայացրել ուժը կորցրած ճանաչել «Վարկս էյ էմ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան։ Պատճառը ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելն է: Ըստ ԿԲ-ի՝ կազմակերպությունը տրամադրել է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին եւ իրավունք չուներ ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ, այսինքն՝ ավանդներ։
Նշենք, որ ՈՒՎԿ-ների պարագայում ընդհանուր կապիտալի նվազագույնը չափը 300 միլիոն դրամն է։
Ըստ ԿԲ-ի՝ ստուգումներն անցկացվել են 2019-ի դեկտեմբեր եւ 2020-ի հունվար ամիսների ընկերության ներկայացրած հաշվետվությունների հիման վրա։ Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձեւավորվելու է լուծարային հանձնաժողով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:
Նշենք, որ կազմակերպության կայքում տեղակայված տվյալների համաձայն՝ ՀՀ տարածքում «Վարկս էյ էմ»-ի 51 մասնաճյուղ կա։
Թեմայի վերաբերյալ ՀԺ-ի հարցերին պատասխանեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Ուլիխանյանը։
— Պարոն Ուլիխանյան, «Վարկս էյ էմ»-ի լիցենզիան դադարեցնելը ի՞նչ է իրենից ենթադրում։ Նրանք միայն վարկայի՞ն գործունեությամբ են զբաղվել, թե ավանդների հետ էլ առնչություն ունեն։
— Այս որոշմամբ կազմակերպությունը զրկվել է այսուհետեւ վարկային գործունեություն իրականացնելուց՝ այսինքն վարկեր տրամադրելուց։ Վարկային կազմակերպություններն ի սկզբանե չունեն ավանդների ներգրավման գործով զբաղվելու իրավունք։ Եթե նրանք այդպիսի լիցենզիա ունենային, դա կկոչվեր բանկային լիցենզիա եւ այդ կազմակերպությունը բանկ կդառնար։
— Ի՞նչ է լինելու քաղաքացիների գործող վարկային պարտավորություններ հետ։
— Այս պահին պետք է լուծարային հանձնաժողով ձեւավորվի, որպեսզի այդ կազմակերպությունը լուծարվի։ Լուծարային հանձնաժողովը պետք է տվյալ կազմակերպության պարտավորությունների հաշվարկ կատարի եւ թե ինչպես են փակելու այդ պարտավորությունները։ Այն քաղաքացիները, ովքեր պարտավորություններ ունեն տվյալ կազմակերպության նկատմամբ՝ այսինքն վերցրած վարկեր ունեն, նրանց համար այդ վարկերի մարման պահանջն ավտոմատ չի դադարում։
— Հնարավոր չէ՞ր կազմակերպության գործունեությունը ժամանակավոր կասեցնել, խնդիրը կարգավորել եւ շարունակել աշխատանքը։
— ԿԲ-ն բանկային համակարգը կարգավորելու եւ վերահսկելու համար սահմանում է համապատասխան նորմատիվներ։ Տվյալ նորմատիվների խախտումները անթույլատրելի են բանկային համակարգի որեւէ կազմակերպության համար եւ այդպիսի խախտումներ արձանագրելու դեպքում ԿԲ-ն սկսում է վարույթ՝ պատճառները հասկանալու եւ տվյալ կազմակերպության առողջացմանն ուղղված որոշակի գործողություններ ձեռնարկելու համար։ Ձեր ասածը հնարավոր տարբերակներից մեկն էր։ Նորմատիվի խախտումը ոչ թե անմիջապես հանգեցնում է լիցենզիայի զրկման, այլ՝ վարույթի անհրաժեշտություն, որի արդյունքում կարող է զրկվել լիցենզիայից։ Պատկերացրեք ԿԲ-ն պրոցես է սկսել՝ հասկանալու, թե ինչ խնդիր կա այնտեղ ու այդ ընթացքում պարզվել է, որ նրանք անարժանահավատ տեղեկություններ են տվել։ Հիմա այդպիսի տեղեկություններ տրամադրողներին էլ ի՞նչ առաջարկես։
— Տեսակետներ են հնչել, որ ներդրողների համար բիզնես լուծարելը կարող է վատ ազդակ լինել։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
— Իմ կարծիքով՝ ճիշտ հակառակը։ Ներդրում ասելով մենք հիմնականում խոսում ենք արտասահմանյան ներդրումների մասին։ Ենթադրում է, որ ներդրողը ՀՀ տարածքից չի եւ ծանոթ չի այս երկրին, ու իր համար որոշում կայացնելուց կարեւոր ցուցիչ պետք է լինի պետության իրավական լինելը։ Այստեղ ի՞նչն է խնդիրը։ Պետությունը տեսել է, որ կա մի խաղացող, որը պետության սահմանած կանոնները չի պահպանում եւ այդ խաղացողին դուրս է թողել։ Եթե օտարերկրյա ներդրողը տեսնի, որ ՀՀ-ում կան կառույցներ, որոնք խախտումներով են աշխատում՝ կմտածի ինչո՞ւ այստեղ ներդրում անեմ։
— Քանի՞ աշխատակից ունի ընկերությունը եւ ի՞նչ է լինելու նրանց հետ։
— Ես հասկանում եմ, որ դա մեծ թվով աշխատակիցներ ունեցող կազմակերպություն է։ ՀՀ-ում օրական տարբեր կազմակերպություններ բացվում են, որոշները փակվում, դա բիզնես ռիսկ է, որի հետ պետք է բոլորը հաշվի նստեն։ Հաշվի առնելով, որ բանկային համակարգը սպեցիֆիկ համակարգ է, ոլորտի աշխատակիցները չպետք է շատ մեծ խնդիրներ ունենան այլ նմանատիպ կազմակերպություններում աշխատելու։ Եթե մարդը վարկային կազմակերպությունում աշխատելու փորձ ունի՝ նա առնվազն ստանում է առավելություն այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուզում են ընդունվել բանկային համակարգում աշխատանքի, սակայն չունեն այդ փորձը։
— Ընկերության մասնաճյուղերը շարունակելո՞ւ են գործել։
— Քանի որ ՀՀ տարբեր քաղաքացիներ դեռեւս պարտավորություններ ունեն այդ կազմակերպության նկատմամբ գուցե անհրաժեշտություն առաջանա որոշակի ժամանակահատվածում գրասենյակները բաց պահել կամ դրանցից մեկը բաց պահել եւ բոլորին հորդորել, որ այդ գրասենյակում կատարեն իրենց մարումները։
— Հնարավո՞ր է, որ ընկերությունը լուծարվելուց հետո փորձի այլ անունով վերականգնվել։
— Տեսականորեն այդպիսի հնարավորություն գուցե թվում է, թե կա, բայց այդպիսի նոր կազմակերպություն նախքան գրանցելը ԿԲ-ն այնպիսի տեղեկատվություն է պահանջում, որ ինչ կարգի փոխկապակցվածություն էլ լինի՝ ապա դա անպայման կբացահայտվի։ ՀՀ-ն այնուամենայնիվ փոքր երկիր է, եթե նախկինում այդպիսի հնարավորություն լիներ, ապա միայն իշխանության թույլտվությամբ, իսկ հիմա իշխանությունը չկա այդպիսի կեղծիքների մեջ։ Հետեւաբար օրենքով ամրագրված բոլոր կանոնները պետք է գործեն։ Առնվազն մեր հանձնաժողովն էլ աչալուրջ է լինելու։
— «Վարկս էյ էմ»-ի լուծարմամբ մնացած վարկային կազմակերպությունների դիրքերն ավելի՞ են ամրապնդվելու։
— Վարկային շուկայում այնպես չի, թե ազատ տեղի խնդիր կա։ Դա միշտ էլ եղել է մրցակցային, որովհետեւ ՀՀ-ում ոչ թե իրացվելիության խնդիր ունեն տարբեր կազմակերպություններ, այլ լիկվիդայնության ավելցուկ։ Այսինքն՝ ունեն չափից ավելի կանխիկ փող, որոնք կարող են տրամադրել որպես վարկեր, սակայն այնպիսի չափանիշներ են դրված վարկերի համար, որը հնարավորություն չի տալիս մեր հայրենակիցների մի մասին օգտվել այդ ծառայություններից։ Հիմա «Վարկս էյ էմ»-ից օգտվող որոշ քաղաքացիներ հնարավորություն կունենան այլ ծառայություններից օգտվելու։ Հնարավոր է նաեւ, որ այն քաղաքացին, որը օգտվել է «Վարկս էյ էմ»-ի ծառայություններից, չկարողանա օգտվել այլ վարկային կազմակերպության ծառայություններից, քանի որ չափանիշները տարբեր են։
— Քանի որ հանրությունը շատ բողոքներ ուներ «Վարկս էյ էմ»-ի տոկոսադրույքներից, հնարավո՞ր է, որ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը քննարկի այդ հարցը։
— Անպայման. առաջիկայում մենք քննարկում ենք ունենալու, որ այդ հարցը խորը ուսումնասիրենք եւ հասկանանք, թե ինչ ռիսկեր կարող է գեներացնել մեր բանկային համակարգի համար եւ թե մենք ինչպիսի քաղաքական մեսիջներ պետք է տանք, որ հանկարծ մեր բանկային համակարգում անառողջ ճնշում չստեղծվի, քանի որ դա մեր ամենակայուն ու կարեւոր ինստիտուտներից մեկն է։ Այդ քննարկումը լինելու է աշխատանքային, ոչ թե բաց եւ հրապարակային։