Ինչու է Խորեն Հովհաննիսյանը հրաժարվել առաջադրվել ՀՖՖ ի նախագահի պաշտոնում

Անվանի ֆուտբոլիստը, ով նաև «Անի» ակումբի սեփականատերն է, պարզաբանել է որոշումը.

«Սիրելի բարեկամներ, ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվելուս պատճառների մասին վերջին շաբաթների ընթացքում խոսել եմ բազմիցս։ Ինձ այս քայլին մղող հիմնական պատճառները եղել են երկուսը։ Առաջինը` հայկական ֆուտբոլում տարիներ շարունակ տիրող բարձիթողի բարքերին և իրավիճակին վերջապես հրաժեշտ տալու հրամայականն էր, երկրորդը՝ հայկական ֆուտբոլին նոր շունչ հաղորդելը և այդքան պահանջված փոփոխություններ սկսելը։

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր հանդիպել եմ ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանին։ Արմենի հետ միասին արձանագրեցինք, որ հայկական ֆուտբոլի զարգացման շուրջ ունենք նույնական տեսլական։ Չնայած որոշ հարցերում մենք ունենք տարբերվող մոտեցումներ, սակայն քննարկման արդյունքում մենք հանգել ենք այն եզրահանգմանը, որ ընդհանուր առմամբ կարող ենք համատեղ ուժերով հայկական ֆուտբոլը դուրս բերել նոր մակարդակի։

Ելնելով վերոնշյալից՝ որոշել եմ հանել թեկնածությունս որպես ՀՖՖ նախագահ և պաշտպանել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը։ Իմ կողմից ամեն ինչ կանեմ, որպեսզի Արմենին հաջողվի իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնց մասին զրուցել ենք։ Փորձս և գիտելիքներս շարունակելու եմ ծառայցնել հայկական ֆուտբոլին՝ ամեն կերպ օժանդակելով մեր երիտասարդներին»։

Հարգանքով՝
Խորեն Հովհաննիսյան

Հայտարարությունը տարածել է «Անի» ՖԱ-ն

(Visited 21 times, 1 visits today)