Ճեպազրույցի ժամանակ Օհանյանի կողմից արված այս արտահայտությունը վերցվել էր և որպես գլխագիր տարածվել ու մի շարք այլ լրատվական կայքերի կողմից և տարընթերցումների պատճառ դարձել։ Այսպես, որոշ ընթերցողների մոտ թյուր կարծիք էր ձևավորվել, թե ճանապարհը փակ է, վտանգավոր երթևեկության համար կամ հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ։
Այս պնդումները, սակայն, որևէ աղերս չունեն իրականության հետ։ Նոյեմբերի 16-ին, ժամը 11:30-ին` նույն ժամանակ, երբ Օհանյանը ասուլիսի ժամանակ պնդում էր ճանապարհն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին, FIP․am-ի մի քանի լրագրողներ գտնվել են Գորիս-Երևան մայրուղու Սիսիանի հատվածում և չեն նկատել որևէ արտառոց դեպք։ Արդեն Ադրբեջանի կողմից լարվածության աճի մասին տեղեկանալուց հետո «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողները կրկին ետ են վերադարձել այդ ճանապարհով և կրկին որևէ խոչընդոտի չեն հանդիպել։ Ողջ օրվա ընթացքում այս ճանապարհի երթևեկությունը չի խաթարվել։
Երևան-Գորիս ճանապարհը առնվազն 6-12 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի տարածքի այն հատվածից, որտեղ նոյեմբերի 14-16-ին Ադրբեջանը դիմել էր ագրեսիայի և ըստ Պաշտպանության նախարարության՝ երկու դիրք գրավել:
Այդպիսի հեռավորության վրա ճանապարհը հասանելի չէ ո՛չ հրազենային, ո՛չ էլ ականանետային զինատեսակների համար։
Պարզաբանումներ ստանալու համար FIP․am-ը կապ հաստատեց Սեյրան Օհանյանի հետ, որը հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց, որ ուղղակիորեն նկատի է ունեցել, որ Ադրբեջանի նպատակն այդ հատվածում առաջխաղացումն է, և ներկայում ճանապարհը դիտարկման մեջ է գտնվում։
«Ես նկատի եմ ունեցել, որ այդ ճանապարհը փորձում են ամբողջությամբ դիտարկման տակ վերցնել և եթե դիտարկում են, դա նշանակում է նաև, որ որոշակի չափով վերահսկում են։ Ես չեմ ասել ճանապարհը փակել են, ուզում են փակել և այլն․․»,- ասաց Օհանյանը։
Մեր դիտարկմանը, որ մինչև այժմ էլ Ադրբեջանը դիտարկում էր Երևան-Գորիս ճանապարհը նույն Իշխանասարից և այլ բարձունքներից, ինչպես նաև Երասխի հատվածում, Օհանյանը պատասխանեց, որ վերջին զարգացումներից հետո Ադրբեջանի դիտարկման կետերն ավելացել են:
«Ադրբեջանի կողմից շարունակաբար ճնշման, սադրանքների և որոշակի գործողությունների արդյունքում այդ դիտակետերի քանակն ավելացել է, որտեղից էլ որ վերահսկողություն (դիտարկում,- խմբ) է իրականացնում ճանապարհի վրա։ Այս դիտարկման կետերը, հետագայում վտանգ կա, որ կարող է վերահսկողության վերածվեն»,- հավելեց Օհանյանը։
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Երևանից Գորիս տանող Մ2 ճանապարհը չի գտնվում ադրբեջանցիների վերահսկողության կամ ուղիղ նշանառության տակ, իսկ Օհանյանն իր խոսքում նկատի է ունեցել ճանապարհի դիտարկումը։
FIP.AM Հայկ Հովհաննիսյան