Պոլիէթիլենային տոպրակների արգելքից առաջ պետք էր անցումային փուլեր կիրառել. այս օրենքը, չեմ կարծում, թե լուծելու է կոնկրետ խնդիր. Հռիփսիմե Մկրտչյան

«Էկո աղբ» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր Հռիփսիմե Մկրտչյանը

– Տիկի՛ն Մկրտչյան, հունվարի 1-ից ուժի մեջ է մտել որոշ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի մասին օրենքը: Ձեր գնահատմամբ՝ օրենքի ընդունումը տեղի՞ն է։

– Ինչ-որ օրենք պետք է, որ սպառողի հոգեբանության վրա ազդի, և այդ ուղղությամբ արվող ամեն քայլի դրական եմ վերաբերվում, բայց լուծումներ պարունակող քայլերն են արդյունք տալու, իսկ այս օրենքը, իմ համոզմամբ, կարիք ուներ ավելի շատ քննարկումների, լրամշակումների, քան կա այս պահին, որովհետև, ինչպես հասկացանք, շրջանցումներ լինելու են, այսինքն՝ տնտեսվարողները կարողանալու են գտնել տարբերակներ ու շրջանցել օրենքը, ինչը բերելու է ավելի շատ աղբի, ինչից մենք պետք է ամեն կերպ խուսափենք։

Այս տեսքով առկա օրենքը, չեմ կարծում, թե լուծելու է կոնկրետ խնդիր, բայց դրական եմ գնահատում, որ այս կարգի օրենք է դրվել շրջանառության մեջ, այլ հարց է, թե կարծիքներ հավաքելով, թերությունները տեսնելով՝ ինչ-որ լրամշակումներ կարվե՞ն, թե՞ ոչ։

– Ի՞նչ տեսք պետք է ունենար օրենքը, որպեսզի, ինչպես ասում եք, այն շրջանցելու հնարավորություններ չլինեին։

– Պետք է, օրինակ՝ անցումային փուլեր լինեին։ Երկու տարվա մեջ հարցումներ ենք արել, ասում են, որ ինչ-որ աշխատանքներ տարվել են, բայց երբ տնտեսվարողների հետ ենք խոսում, նրանք ասում են, որ իրենց հետ ընդհանրապես որևէ աշխատանք չի տարվել այդ ուղղությամբ։

Իսկ այդ անցումային փուլերը, իրականում, պետք է նաև սպառողներին էլ երևային, օրինակ՝ դուք կամ ես, որ սովորական սպառող ենք և մտնում ենք խանութ, պետք է տեսնեինք այդ: Դիցուք, դեռևս մեկ տարի առաջ մեզ պետք է առաջարկվեր թղթե կամ կտորե տոպրակ հենց այն սուպերմարկետներում, որոնք ավելի շատ են տալիս պոլիէթիլենային տոպրակները: Բայց անգամ գանձապահը շատ անգամ գնորդին համոզում է, որ վերցնի հենց պոլիէթիլենային տոպրակ, այսինքն՝ եթե ուզում ես, որ կոնկրետ մշակույթը մտնի քաղաքացիների կենսակերպի մեջ, ապա պետք է աշխատես այդ ուղղությամբ, պետք է գովազդային տեսահոլովակներ լինեին:

Ամբողջ քաղաքում Vivaro-ի և այլնի գովազդային վահանակներ են, չկա մեկ պաստառ, որի վրա փակցրած կլիներ, օրինակ՝ այն, որ պոլիէթիլենային տոպրակների չափից շատ օգտագործումը վնաս է բնությանը։

Հասարակական կազմակերպությունների ներգրավվածություն չեմ տեսնում առհասարակ, ճիշտ է, բազմաթիվ քննարկումների են կանչել, մենք ևս մասնակցել ենք, տեղյակ եմ նաև, որ քննարկումներին մասնակցել են նաև արտադրողները, բայց վերջիններս նշում են, որ իրենց կարծիքները ոչ մի ձևով հաշվի չեն առնվել։ Կարծում եմ, որ օրենքի ընդունողները ցանկացել են լավ փոփոխություն անել, բայց շատ չեն խորացել, թե դրա անցումային փուլերն ինչպե՞ս են լինելու։

– Տիկի՛ն Մկրտչյան, իսկ օրենքի կիրառման վերահսկողության մասով ի՞նչ հույսեր ունեք։ Պատշաճ վերահսկողություն կիրականացվի՞, որպեսզի օրենքը միայն թղթի վրա չմնա։

– Չեմ կարող ասել, որովհետև մենք չգիտենք, թե այս պետությունում ու նման կառավարության պարագայում ինչ է կատարվում, բայց մեկ օրինակ բերեմ. ի՞նչ է արվում աղբ թափելու համար սահմանված տուգանքի հետ, արդյոք մենք վճարո՞ւմ ենք այդ տուգանքը, ծխախոտի մնացորդը, շատ անգամ ինքս եմ տեսել, որ թափում են հենց ոստիկանի աչքի առաջ, արդյոք ինչ-որ մեկը տուգանե՞լ է այդ մարդկանց։ Շատ-շատ իրար հետ փոխկապակցված խնդիրներ կան, որոնք լուծումների, պատշաճ վերահսկողության չեն արժանանում։

Ինքս եմ տեսել, թե 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ օրենքն ինչպես է կիրառվում. խայտառակ վիճակ է, եթե գանձապահը չի հասկանում, որ օրենք է ընդունվել, եթե տնտեսվարողը աշխատանք չի տանում իր աշխատակցի հետ, օրենքի ընդունումից հետո չի նշանակում, որ ողջ պատասխանատվությունը պետք է դրվի ոստիկանների վրա: Այդ աշխատանքը պետք է տանենք յուրաքանչյուրս մեր հերթին, բայց մյուս կողմից էլ՝ չկա լծակ, որը տնտեսվարողներին կստիպի օրենքին հետևել, որովհետև 30000 դրամը տնտեսվարողների համար այդքան էլ մեծ գումար չէ։

Այսօր լուծում եմ համարում հանրային պահանջը, որպեսզի պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու հնարավորինս շատ ավելի պահանջ լինի, որովհետև երբ խոսում են 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակ արտադրողների հետ, ասում են՝ ես 51 միկրոն հաստությամբ կանեմ՝ ի՞նչ են անելու: Այսինքն՝ այս օրենքը պետք է ավելի խելամիտ լուծումներ պարունակեր, որպեսզի օգուտ տար, ու մենք օդում պարող պոլիէթիլենային տոպրակներ չտեսնենք բնության մեջ։

– Որպեսզի ընթերցողի համար էլ պարզ լինի, թե ինչու պետք է հրաժարվել պոլիէթիլենային տոպրակների կիրառումից, կխնդրեմ ասեք, թե ի՞նչ վտանգ են ներկայացնում դրանք շրջակա միջավայրի համար։

– Մեկը հենց այն, որ պոլիէթիլենը կարող է շատ ավելի երկար ապրել բնութան մեջ, քան հենց ինքը՝ սպառողը։ Հիմա այն վիճակում ենք, որ Հայաստանը համարվում է ամենաաղտոտված երկրներից մեկը։ Սուտ է, թե մենք մաքուր օդ ունենք, թե մեզ մոտ ամեն բան օրգանիկ է, մեզ մոտ չափից շատ բարձր է աղտոտվածության աստիճանը, իսկ դրա համար պատասխանատու ենք բոլորս մեր ապրելակերպով, պետք է հնարավորինս մտածենք առհասարակ աղբի գոյացությունը նվազեցնելու մասին։

Պոլիէթիլենից զատ մենք ունենք նաև պլաստիկի խնդիր, ինչու չէ՝ նաև թղթե տոպրակների, որովհետև դրանց պատրաստման գործընթացն էլ է բավականին բարդ ու վնասակար բնության համար, մենք պետք է գիտակցենք, որ պատասխանատու ենք բնության առաջ։

– Այսինքն՝ դուք լավագույն լուծումը կտորից տոպրակներն եք համարո՞ւմ, տիկի՛ն Մկրտչյան։

– Ճիշտ կլինի ասել՝ բազմակի օգտագործման տոպրակներ, որովհետև կտորի չարաշահումն էլ է վտանգավոր, տեքստիլի թափոնը՝ առավել ևս։ Կարևոր է վերաօգտագործելի տոպրակների առկայությունը, որովհետև դրանք կարող են լինել շատ ավելի ամուր պոլիէթիլենից ու ավելի երկար ծառայել, քան, օրինակ՝ բարակ կտորից տոպրակը, կամ թղթից ձիգ մշակված տոպրակը շատ ավելի երկար ծառայի, քան բարակ կտորը, որը կարող է ավելի վտանգավոր թափոն դառնալ։

(Visited 34 times, 1 visits today)