ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայանակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։
ՊՈԱԿ-ի տնօրենը, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2012 թվականից մինչ վերջին օրերս հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 28․072․858 դրամ։
Մասնավորապես, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ՊՈԱԿ-ի տարբեր հաստիքներում հրամանագրել է իր հարազատներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց անվամբ ՊՈԱԿ-ի դրամարկղից դուրս գրված աշխատավարձի, ինչպես և պարգևավճարի գումարները՝ ընդհանուր 25․369․888 դրամ, առձեռն ստացել և յուրացրել է։ Բացի այդ, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ կազմակերպության հաշվեկշռում գտնվող անսարք երկու տրանսպորտային միջոցի չշահագործվելու պայմաններում 2016-2019 թվականների ընթացքում նշված ավտոմեքենաների երթուղային թերթերում, պահանջագրերում և վառելիքի շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկագրերում մտցրել է կեղծ տեղեկություններ, ինչի արդյունքում առձեռն ստացել և յուրացրել է տրանսպորտային միջոցների համար ՊՈԱԿ-ի կողմից ձեռք բերված ընդհանուր 2․708․970 դրամի՝ 7550 լիտր բենզինի կտրոնները։
(Visited 28 times, 1 visits today)