Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի բնակիչ 43-ամյա Գեղամ Առաքելյանը 14 տարի պայմանագրային զինծառայող է աշխատել Քարվաճառում եւ հոկտեմբերի 2-ին զոհվել է Քարվաճառի դիրքերի պաշտպանության ժամանակ:
Գեղամի կինը`Էմման, news.am-ի հետ զրույցում պատմեց, որ պատերազմը սկսվելուն պես ամուսնուն կանչել են. «Ճիշտ է 14 տարի ծառայության մեջ է եղել, բայց ոչ մի անգամ այդպիսի վատ կանխազգացում չեմ ունեցել, ինչպես որ վերջին անգամ մեկնեց: Մինչեւ վերջին օրն էլ զանգել է, խոսել ենք, ու ինձ ասում էր` մի վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու: Մենք սահմանամերձ գյուղում ենք ապրում, ասում էր երեխեքին հանկարծ գյուղից չհանեմ, ուղղակի լավ նայեմ: Ու հոկտեմբերի 2-ին արդեն իմացանք, որ դիրքի վրա հարձակում է եղել, թեժ մարտ է եղել, հետ են մղել ու ամուսինս զոհվել է»:
Էմմայի խոսքով` ամուսինը մի երազանք ուներ. հաղթել այս պատերազմը եւ հաջորդ սերունդներին չթողնել այս բեռը:
«Ասում էր` մենք պետք է հաղթենք, էս կռիվը չպետք է թողնենք մեր երեխեքին, սա պետք է լինի մեր վերջին մարտը: Ընկերներն էլ ասում են, որ շատ անվախ էր, մահն աչքերի մեջ էր կռվում: Ու էդպես էլ մահացավ…»,- պատմեց Էմման:
Գեղամ Առաքելյանը 3 անչափահաս երեխա ունի, 2 դուստր եւ 7-ամյա որդին` Արծվին:
Էմմայի խոսքով` Արծվին հասկանում է, որ հայրը էլ չի վերադառնալու. «Տանը, որ մի ծանր գործ է լինում, Արծվին ասում է` մամա, մի արա, ես կանեմ: Արդեն իրեն տան տղամարդ է համարում»:
Գեղամը նաեւ այս տարի ծրագրել էր վերանորոգել հայրական տունը, սկսել էր վերանորոգումը, որն է այդպես էլ կիսատ մնաց պատերազմի պատճառով: