Չէի սպասում, որ այսքան մարդ կգա. «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան ժամանել է Հայաստան

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14-ամյա Մալենան այս գիշեր վերադարձել է Երևան: Նրան դիմավորելու համար օդանավակայանում փուչիկներով ու ծաղիկներով, զուռնա-դհոլով հավաքվել էին հարազատներն ու երկրպագուները։

Մալենան նշեց, որ չափազանց հուզված է, անսպասելի էր իր համար նման ընդունելությունը, և որ այդքան մարդ կգար՝ իրեն դիմավորելու:

«Շնորհակալ եմ բոլորին գալու համար, իմ օգտին քվեարկելու համար:

Չէի սպասում, որ այսքան մարդ կգա. «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան ժամանել է Հայաստան

Ես երբեք չէի եղել այսպիսի մեծ բեմում, սկզբում շատ հուզված էի, բայց մի քանի փորձից հետո ամեն ինչ անցավ։ Հենց համերգի օրն արդեն հաճույք էի ստանում իմ ելույթից»,- ասաց Մալենան՝ հավելելով, որ նոր երազանքի մասին դեռ չի մտածել, բայց ուզում է մեծ արտիստ դառնալ, Հայաստանի անունը ամեն տեղ բարձր պահել:

Անդրադառնալով Ադրբեջանի մասնակցի՝ իրեն ուղղված շնորհավորանքին՝ Հայաստանի ներկայացուցիչն ասաց, որ երբ հաղթել է, Ադրբեջանի մասնակիցը եկել ու շնորհավորել է իրեն։

«Ես նրա նկատմամբ թշնամանք չունեմ, որովհետև ինքն իմ պես աղջիկ է: Մինչ հաղթանակը՝ մենք ոչ մի անգամ չենք շփվել»,- ասաց Մալենան։

(Visited 65 times, 1 visits today)